Հայաստանը կօգնի փրկել Ուրմիա լիճը
Ուրմիա լճի մակարդակի կտրուկ անկումը կանխելու ծրագրերում Իրանը կներգրավի Հայաստանին, ըստ asbarez.com-ի տեղեկացրել է Թեհրանի Radio Zamaneh-ը՝ հղում կատարելով իրանյան բարձրաստիճան մի պաշտոնյայի։
Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Մոհամադ Ջավադ Մոհամադզադեն երեկ հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել օգտագործել Արաքս գետի ջրերը Ուրմիա լճի մակարդակի անկումը կանխելու ծրագրերում։ Կողմերը վերջերս բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Նա նշել է նաև, որ կրկին շրջանառության մեջ է դրվել Արևելաիրանական Ադրբեջանի նահանգից Արաքսի ջրերը դեպի Ուրմիա տեղափոխելու ծրագիրը։ Ըստ Թեհրանի Radio Zamaneh-ի՝ Իրանի իշխանությունները մինչ այս ևս փորձել են Արաքս գետի ջուրը դեպի Ուրմիա տեղափոխելու ծրագիր իրականացնել, ինչին սակայն դեմ է արտահայտվել Ադրբեջանը։ Ծրագիրը սառեցվել է։
Նշենք, որ այս տարի լճի մակարդակը պատմության մեջ նվազագույնի է հասել, ինչին նպաստել է նաև չորային եղանակն ու տեղումների բացակայությունը։ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է և երրորդը երկրագնդի աղի լճերի թվում:
Իրանում համոզված են, որ Ուրմիայի չորացումը «ազգային աղետ» կլինի: Չորացել է արդեն 3000 քառ. կմ տարածք, որը վերածվել աղի դաշտի: Իրանցի բնապահպանները զգուշացնում են, որ առանց «ազգային մակարդակով արագ, լուրջ գործողությունների», կարող են աղային փոթորիկներ լինել, որոնք կհասնեն մինչև Թեհրանի նահանգ:


















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ