Քոֆի Անանը վայր է դրել մանդատը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը ընդունել է, որ իր ուժերից վեր է հաշտեցնել համակարտող կողմերին։ «Ես չեմ կարող ավելի շատ խաղաղություն ցանկանալ, քան իրադարձությունների մասնակիցները»,- հայտարարել է նա ու հրաժարական տվել՝ հույս հայտնելով, որ խաղաղ կարգավորման վեց կետից բաղկացած իր ծրագիրն այդուհանդերձ ուժի մեջ կմնա։
Քոֆի Անանը հրաժարականը պայմանավորել է նրանով, որ Սիրիայում առաքելությունը հաջող շարունակելու համար իրեն այդպես չի հաջողվել ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ «Միջազգային հանրությունը մասնատված է։ Այս ամենը բարդացնում էր իմ աշխատանքը»,- նշել է նա։
«Ես տեղեկացրել եմ ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարներին, որ դադարեցնելու եմ իմ առաքելությունը՝ օգոստոսի վերջին դրա ժամկետի ավարտից հետո։ Ես չեմ կարող ավելի շատ խաղաղություն ցանկանալ, քան իրադարձությունների մասնակիցները, ավելի շատ՝ քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ էլ միջազգային հանրությունը»,- պարզաբանել է Անանը։
Ընդ որում, Անանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի կարգավորման իր կողմից առաջարկված վեց կետից բաղկացած ծրագիրը, ինչպես նաև «Գործողության խմբի» կողմից հաստատված հռչակագիրը ուժի մեջ կմնան նաև իր հեռանալուց հետո։ Այս մասին Անանը հայտարարել է Ժնևում։
Եվրամիությունն արդեն սկսել է Սիրիայի հարցով նոր միջազգային բանագնացի փնտրտուքը։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնն ափսոսանք է հայտնել Անանի հրաժարականի առիթով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ափսոսանք է հայտնել Անանի հրաժարականի համար։ «Հուսով եմ, որ միջազգային հանրությունն այդուհանդերձ կշարունակի ջանքերը բռնությունների դադարեցման ուղղությամբ»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի նշել է Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայում իրավիճակը «ողբերգություն» անվանելով։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում կարծիք է հայտնել, որ Անանի հրաժարականը կխթանի Սիրիական հակամարտության ուժային լուծումը:
ԱՄՆ-ը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարության համաձայն, շարունակելու է Սիրիայի իշխանություններից պահանջել իրականացնել Անանի մշակած ծրագիրը: «Ես Անանին ամենայն բարիք եմ մաղթում իր հետագա աշխատանքում: Դիմելով Սիրիայի ժողովրդին՝ ասում եմ. «ԱՄՆ-ը կշարունակի սատարել ձեզ, մենք մնում ենք արդյունավետ և արագ իշխանափոխության կողմնակից, ինչպես և ասվում էր Անանի ծրագրում»,- նշված է Քլինթոնի հայտարարության մեջ:
Նշենք, որ Քոֆի Անանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել փետրվարին։ Օգոստոսի 31-ին լրանում էր նրա մանդատի ժամկետը։




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ