Վրաստանի դիվանագիտական ծառայությունը քաղաքականացված չէ. ԱԳՆ

Վրաստանի արտգործնախարարությունը օգոստոսի 9-ին հերքել է իր երկրում դիվանագիտական ծառայության՝ քաղաքականացված լինելու վերաբերյալ մեղադրանքները և իշխող կուսակցության օգտին ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը՝ նման հայտարարությունները որակելով «անհիմն»:

«Transparency International – Վրաստան» կազմակերպությունը հուլիսի 27-ին հայտարարել է, որ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի հարցերով հետաքրքրվող ամերիկացի ազդեցիկ փորձագետներին ուղարկում է էլեկտրոնային նամակներ, որոնք փորձում են վարկաբեկել ընդդիմադիր գործիչ Բիձինա Իվանիշվիլիին և նրա «Վրացական երազանք» կուսակցությունը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների՝ նման կարգի գործողությունները հանդիսանում են իշխող քաղաքական կուսակցության օգտին պետական ռեսուրսի օգտագործում և խախտում են դիվանագիտական ծառայության մասին Վրաստանի օրենքը, որի համաձայն՝ «դիվանագիտական ծառայության ընթացքում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձը քաղաքականապես չեզոք է»: «Transparency International – Վրաստան» կազմակերպությունը որպես ապացույց հրապարակել է երկու նամակ, որոնց բովանդակությունից երևում է, թե ինչպես են վրաց դիվանագետները երկրում ընթացող գործընթացների մասին պարբերաբար տեղեկացնում օտարերկրյա փորձագետների:

Օգոստոսի 9-ին Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում ասված է. «Գերատեսչությունը ներքին քննություն է անցկացրել, սակայն նման մեղադրանքների համար հիմք ծառայող փաստեր չի հայտնաբերել»: Վրաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ «քաղաքական նպատակներով ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները նույնպես անհիմն են»: 
«Օտարերկրյա փորձագետները, հետազոտողներն ու այլ շահագրգիռ անձինք պարբերաբար դիմում են Վրաստանի դիվանագիտական առաքելություններին՝ Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Այս համատեքստում վրաց դիվանագետները հաճախ նյութեր են տարածում՝ առանց սեփական մեկնաբանությունների կամ քաղաքական գնահատականների», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ