Apple-ը թույլատրել է սակարկել iPhone-ի գինը

Apple կորպորացիան թույլատրել է սակարկել iPhone 4S և iPhone 4 մոդելների գինը ԱՄՆ-ի իր մանրածախ խանութներում: Այսուհետև սմարթֆոն գնելիս Apple Store-ի հաճախորդները կարող են ստանալ  50 դոլար զեղչ. հաճախորդը պետք է պարզապես նշի՝ որտեղ է տեսել ավելի ցածր գնով գնապիտակ:

ԱՄՆ-ում iPhone 4S-ի և iPhone 4-ի որոշ մոդելներ գնելիս 50 դոլար զեղչ են առաջարկում Sprint օպերատորն ու Target, Best Buy, Radio Shack ռիթեյլերները: Մասնագետները սմարթֆոնների գնի իջեցումը կապում են iPhone-ի նոր սերնդի մոդելի թողարկման հետ. նորույթի շնորհանդեսն, ըստ ամենայնի, կկայանա սեպտեմբերի կեսին:

«Apple-ը սովորաբար չի իջեցնում իր ապրանքների գները մինչև նոր սերնդի մոդելների թողարկումը, այնպես որ՝ այս քայլն այնքան էլ բնորոշ չէ կալիֆոռնիական ընկերության համար», – գրում է Wall Street Journal –ը: Նոր սերնդի iPhone-ը ենթադրաբար կունենա ավելի խոշոր և ձգված էկրան, իսկ կորպուսի հաստությունը կնվազի մի քանի միլիմետրով: Եթե հավատալ շրջանառվող լուրերին՝ գալիք աշունն ընդհանրապես լինելու է Apple բջջային տեխնիկայի մասշտաբային նորացման շրջան:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ