Կայացվեց Pussy Riot-ի դատավճիռը

Րոպեներ առաջ ուղիղ եթերում կարդացվեց Pussy Riot խմբի գործով դատավճիռը: Խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման` Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցիում կրոնական ատելությամբ դրդված խուլիգանություն կատարելու համար:

Մեղադրող կողմը նրանցից յուրաքանչուրի համար պահանջել էր 3-ական տարի ազատազրկում, մինչդեռ պաշտպանները արդարացման դատավճիռ էին ակընկալում: Դիատավճռի ընթերցումը տևել է շուրջ երկու ժամ:

Հիշեցնենք, որ փետրվարին աղջիկները ներխուժել էին տաճարի խորան և կատարել պանկ-աղոթքը` «Տիրամայր, փրկիր մեզ Պուտինից» երգը: Խմբի արարքը վիրավորել էր ուղղափառ քրիստոնյաների մի մասի կրոնական զգացմունքները: Ավելի ուշ աղջիկները հայտարարել էին, որ իրենց ակցիան բացառապես քաղաքական բնույթ է կրել և հավատացյալներից ներողություն էին խնդրել` ակցիայի անցկացման վայրի ընտրությունն անվանելով էթիկական սխալ:

Վերջին ամիսներին երիտասարդ երեք կանանց գործը մեծ աղմուկ էր բարձրացրել աշխարհում, ինչը հնարավոր է դարձել հիմնականում համացանցի օգտատերերի և բլոգերների շնորհիվ: Լոնդոնում, Նիցցայում, Նյու Յորքում, Վիլնյուսում ու աշխարհի ևս մոտ 30 քաղաքներում այսօր ակցիաներ են անցկացվել` ի զորակցություն Pussy Riot խմբի աղջիկների: Վերջին շաբաթներին Pussy Riot-ի գործին արձագանքել էին համաշխարհային շոու բիզնեսի այնպիսի հեղինակավոր դեմքեր, ինչպիսիք են այդ Մադոննան, Փոլ Մաքքարտնին, Էնի Լենոքսը, Red Hot Chili Peppers խումբը և այլք:

Մեկնաբանել