Ռուբեն Հայրապետյանը քրեաօլիգարխիկ բուրգի մակերեսային հատված է. Ա.Սաքունց

Քաղաքական դաշտում բարոյական խնդիրների մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Սա կոչվում է պետական ինստիտուտների յուրացում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից: Տվյալ դեպքում ես կարծում եմ, որ պատասխանատու է ԱԺ-ի ցանկացած պատգամավոր` անկախ քաղաքական պատկանելությունից»:

-          Դուք դատական կարգով պահանջում եք Ռուբեն Հայրապետյանից ձեզանից որոշակի տեքստով ներողություն խնդրել. սա, թերևս, բարոյական պահանջ է, որից, ինչպես նշել եք, Հայրապետյանը փորձում է խուսափել: Նաև, երեկ լրագրողի այն հարցին, թե մանդատը վայր դնելուց հրաժարվելու մասին լուրերը ճիշտ են, Հայրապետյանը պատասխանել էր կոպտորեն` «Քո ինչ գործ»` հիմք տալով ենթադրել, որ «Հարսնաքար»-ի ողբերգությունից հետո նրա հրաժարականը` քաղաքացիական հասարակության փոքրիկ հաղթանակը, ևս վտանգված է: Կերպարային առումով բարոյական պատասխանատվությունից խուսափելու այս ակներևությունն ինչո՞վ է պայմանավորված:   

-          Խնդիրը մանդատից հրաժարվել-չհրաժարվելը չէ: Մարդու պատասխանատվության զգացման, հանրային գործչի ու հանրության առաջ հաշվետու լինելու մասին է խոսքը: Ռուբեն Հայրապետյանը հայկական օլիգարխիայի տիպիկ ներկայացուցիչ է` բուրգի վերևի մասը` մակերեսային-երևութականությունն է, նա խորքային գործիչներից չէ, այլ այն կերպարն է, որի միջոցով կարելի է պատկերացնել հայկական օլիգարխիայի իրական դեմքը` անպատասխանատվություն, հանրային կարծիքի նկատմամբ արհամարհանք, անպատժելիություն, և դրանցով պայմանավորված հազար ու մի դրսևորումներ, որոնց մասին եթե ամբողջական` տնտեսական, քաղաքական պատկերացում լիներ, շատ ավելի ահավոր պատկեր կունենայինք:

Եվ մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել. նման անպատժելիությունը քաղաքական հովանավորչությամբ է պայմանավորված, քանի որ եթե չիմանային որ կա քաղաքական հովանավորությունը, միայն տնտեսական ռեսուրսներով չէին հանդգնի նման վերաբերմունք դրսևորել: Խնդիրն այն չէ, որ քննիչներին կարող են վախեցնել, կամ առնել, կաշառել: Խնդիրն այն է, որ ինքը գիտի, որ այս իշխանության համար ինքը քաղաքական հենարան է հանդիսանում, իշխանությունն էլ կպահի իրեն: Սա է ամբողջ տրամաբանությունը:

 

-          Ո՞վ է հիմնական պատասխանատուն:

-          Հայկական օլիգարխիան Հայաստանի հանրապետության համար մեկ թշնամին է. այն քաղաքացուն զրկում է սեփական իրավունքների հնարավորության զգացումից, առերեսում անօրինությանը, քաղաքացուն թողնելով մի ելք` ստրկական հավատարմություն բռի ուժին: Այս իրավիճակում պասխանատվություն է կրում հատկապես Սերժ Սարգսյանը, քանի որ նա է իշխանության ղեկին կանգնած: Պատասխանատու են նաև նախկին իշխանությունները, քանի որ իրենք էլ այս համակարգի ձևավորման հիմքում են: Օրինակ` Թոխմախի Մհերի զարմիկի նկատմամբ հարուցված գործի վերաորակումը խուլիգանության և զենքի ապօրինի կրման` ԱԺ երկու պատգամավորների երաշխավորությամբ: Սա հենց այն մեխանիզմն է, որ անընդհատ բացահայտում է երկրի քրեականացումը. սա լուրջ մարտահրավեր է երկրին. Սա կոչվում է պետական ինստիտուտների յուրացում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից: Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ պատասխանատու է ԱԺ-ի ցանկացած պատգամավոր` անկախ քաղաքական պատկանելությունից:

 

-          Ներկայացված զարհուրելի իրականության ֆոնի վրա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն բարոյական հաղթանակը, որի համար դուք դիմել եք դատարան:

-          Ես բարոյական հաղթանակի մասին չեմ խոսում, ես խոսում եմ բարոյական գնահատականների մասին, այս մթնոլորտի մասին: Այս մթնոլորտի փոփոխությունը առնվազն շատ կարևոր է. բարոյական գնահատականը պրակտիկ գործողությունների հարթակ կապահովի, քաղաքացիական անհանդուրժողականություն կձևավորի նման երևույթների նկատմամբ, առնվազն «լավ տղու» գաղափարի բովանդակային ընկալումը կսկսի համարվել անմարդկային և հակաիրավական: Եվ քաղաքացին կտեսնի, որ կարող է պրակտիկ գործողություններ կատարել, ինչպես` ես` դիմելով նույն այս դատարանին` թեկուզ առանձնապես չվստահելով դրան: Ուրիշ ճանապարհ չկա: Իսկ իշխանությունն էլ` իր ինստիտուտներով,  պիտի կարողանա համապատասխան վերաբերմունք դրսևորել, քանի որ մեր երկիրը ռեզերվացիա չի, և արդարության համար պայքարում, ինչպես և հիմա արվում է, մենք կհասնենք նաև եվրոպական հարթակներ, ուր մեր երկիրը պարբերաբար պարտվում է:

 

Հիշեցնենք նաև, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» ղեկավար Ա.Սաքունցը դիմել է դատարան «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը` որպես իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություն ճանաչելու և Ռուբեն Հայրապետյանին «ոչ պատշաճ արտահայտությունների համար» ներողություն խնդրել պարտավորեցնելու համար:

Նաև, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորոնային համալիրի բակում իր աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ռազմաբույժ Վահե Ավետյանի անունով կազմակերպված քաղաքացիական նախաձեռնությունը  շուրջ երկու ամիս պահանջել է արդարություն գործը հետաքննելիս և այս երևույթի բարոյական որակում: Բողոքի ելած քաղաքացիների ճնշման տակ Ռ.Հայրապետյանը հայտարարել է իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին, սակայն ամառային արձակուրդների պատճառով առաջիկա ԱԺ նիստը, որի ընթացքում պիտի ընթերցվի նրա հայտարարությունը, կայանալու է սեպտեմբերին, որից հետո նա ևս երկու շաբաթ կարող է հետ կանգնել իր որոշումից, ինչի մտավախությունն ունեն քաղաքացիները:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ