Օբաման նշել է Սիրիա ռազմական միջամտության պայմանները

ԱՄՆ-ը կդիտարկի Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտության հարցը, եթե Բաշար ալ Ասադի վարչակարգը քիմիական կամ կենսաբանական զենք կիրառի։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Reuters-ը։ Գործակալությունը հայտնում է, որ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ի նախագահը նշում է պայմաններ, որոնց դեպքում իր երկիրը պատրաստ կլինի դիտարկելու ռազմական գործողության հարցը։

Օբաման նախազգուշացրել է, որ «կարմիր գծի հատում» կհամարվի ոչ միայն քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը, այլև այդպիսի զենքի ցանկացած տեղաշարժ, որ կվկայի դրա օգտագործման նախապատրաստման մասին։

Օբաման նաև նշել է՝ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ սիրիական քիմիական կամ կենսաբանական զենքը «հայտնվի սխալ ձեռքերում»։ Ներկայում, հավելել է նա, չկա լիակատար վստահություն, որ այդ զենքը հուսալի պաշտպանվում է։ Նման մտավախություններ, հայտարարել է Օբաման, ունեն նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները, այդ թվում՝ Իսրայելը։

Սիրիայի իշխանությունները այս հուլիսին առաջին անգամ խոստովանեցին, որ ունեն քիմիական և կենսաբանական զենք՝ հայտարարելով, որ պատրաստ են այն կիրառել արտաքին պետությունների ռազմական միջամտության դեպքում։

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ․ մարտից։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ