«Սարն ի վեր»-ը՝ շուտով Երևանում

Սիվիլիթաս հիմնադրամը նոր ծրագիր է նախաձեռնել՝ «Սարն ի վեր», որի նպատակը հայ-թուրքական հարաբերությունների մարդկային, անհատական կողմին ուշադրություն հրավիրելն է:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2012թ. սեպտեմբերի 4-ին Բեռլինում՝ «Նաուման» հիմնադրամում: Երկրորդ միջոցառումը կայացել է Ստամբուլում՝ սեպտեմբերի 6-ին, իսկ երրորդը կկայանա Երևանում՝ սեպտեմբերի 13-ին:

«Սարն ի վեր» ծրագիրը մարդկանց անձնական փորձառության պատմությունների շարք է: Հայ և թուրք նշանավոր մարդիկ խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական բարդ խնդիրների մասին, որոնց առերեսվել են կյանքի ընթացքում և սեփական փորձով ներկայացնում են առաջ շարժվելու իրենց տեսակետները:

Միջոցառումները հեռարձակվում են ուղիղ եթերով, իսկ տեսագրությունները տեղադրվում են եռալեզու կայքում: Նպատակը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացմանը նպաստելն է:

Սիվիլիթասը համագործակցում է թուրքական «Անադոլու կուլտուր» կազմակերպության հետ: Ծրագրին աջակցում է ԱՄՆ-ի գերմանական Մարշալի հիմնադրամը:

Մեկնաբանել