«Մուսուլմանների անմեղություն»-ը ֆիլմի պրոդյուսերը հրաժարվել է բոլոր մեղադրանքներից

Լոս-Անջելեսի դաշնային դատարանը Մարկ Յուսեֆի նկատմամաբ խափանման միջոց կալանքը նույնն է թողել մինչև վերջնական դատավճռի հրապարակումը. այս մասին հաղորդում է Itar-tass-ը:

55-ամյա տղամարդը ձերբակալվել է փորձաշրջանի պայմանների խախտման մեղադրանքով: 2010թ. նա ազատազրկման էր դատապարտվել բանկային քարտերով խարդախություն անելու համար և հինգ տարով զրկվել համացանցից օգտվելու իրավունքից: 2011թ օրինակելի վարքի համար ազատ էր արձակվել՝ փորձաշրջանով:

Մարկ Յուսեֆը՝ հայտնի Նակուլա Բասելի Նակուլա կեղծանունով, կտրուկ հրաժարվում է մեղադրանքից:

Դատախազությունը պնդում է, որ հատկապես այս մարդն է փորձաշրջանի ընթացքում Սեմ Բեսիլ կեղծանունով համացանցում տեղադրել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը: Մինչդեռ նրան արգելված էր մտնել համացանց առանց «հատուկ թույլատրության»:

Եթե դատախազությանը հաջողվի ապացուցել, որ նա կապ ունի տեսաֆիլմի հրապարակման հետ, ապա մեղադրյալին սպառնում է ազատազրկում:

Սակայն դատական իշխանություններն ընդգծել են, որ խոսքը բացառապես փորձաշրջանի կարգը խախտելու մասին է: «Այս դատական գործընթացը ոչ մի կապ չունի ֆիլմի հետ»,- նշել է դատարանի քարտուղարը:

Հիշեցնենք, որ այս տեսաֆիլմը տեղադրվել էր YouTube-ում և առաջացրել մուսուլմանների դժգոհությունը ողջ աշխարհում: «Նակուլան, որ նաև ֆիլմի պրոդյուսերն է, համակցել էր ֆիլմը, դրանում ավելացրել երկխոսություններ՝ առանց ստեղծագործական խմբի հետ համաձայնեցնելու»,- նշել էր ֆիլմի համահեղինակ Ջոզեֆ Նազրալլան: Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում, Սուդանում, Թունիսում շուրջ մեկ շաբաթ չէին հանդարտվում մուսուլմանները. իշխանությունների հետ բախումներում տասնյակ զոհեր ու վիրավորներ եղան թե զայրացած ամբոխից, թե ոստիկաններից և թե ամերիկացի դիվանագետներից ու հյուպատոսարանների շարքային աշխատակիցներից:

Մեկնաբանել