«Մոնա Լիզայի հիմնադրամն» ապացուցել է, որ իրենց «Ջոկոնդան» դա Վինչիի աշխատանքն է

«Այզելուորտյան Մոնա Լիզան», որը 40 տարի պահվել է շվեյցարական բանկում, Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ կտավի ավելի վաղ տարբերակն է, որը նույնպես պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել են «Մոնա Լիզայի հիմնադրամի» մի շարք փորձագետներ: Որպես ապացույց են բերվում 35 տարվա ընթացքում անցկացվող հետազոտությունների և գիտավերլուծությունների արդյունքները, որոնք, փորձագետների պնդմամբ, կասկած չեն հարուցում, որ «Ջոկոնդան ունի ավագ քույր»:

Երկու կտավների համեմատությունը ապացուցում է, որ չնայած նրանց միջև որոշ տարբերությունների՝ երկուսն էլ պատկանում են նույն նկարչի վրձնին, և դրանցից ոչ մեկը մյուսի կրկնօրինակը չէ:

Մաթեմատիկայի տեսանկյունից՝ Լեոնարդոյի վրձնին կտավի պատկանելությունն ապացուցվում է նրանով, որ աշխատանքը կատարված է այսպես կոչված «ոսկե հատման» սկզբունքով, որին խստորեն հետևում էր երկրաչափությամբ տարված Լեոնարդո դա Վինչին: Բացի այդ՝ հետազոտություն անցկացնող փորձագետներն ապացուցել են, որ կտավը ձախլիկ է վրձնել, իսկ Վերածննդի դարաշրջանի հանճարը, ինչպես հայտնի է, ձախլիկ էր: Ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր ճառագայթումն ու ռենտգեն հետազոտությունները ապացուցել են, որ կտավը ստեղծվել է 16-րդ դարում:

«Մոնա Լիզայի հիմնադրամում» պատրաստ են նրան, որ բազմաթիվ փորձագետներ կասկածամտորեն կվերաբերվեն այս նորությանը:

«Մենք պատրաստ ենք բանավիճել ակադեմիական շրջանակների հետ, և այսօրվա շնորհանդեսը նման բանավեճի լավ մեկնարկ է», – ասված է Հիմնադրամի հայտարարության մեջ: Չի բացառվում, որ կտավը կարող է ցուցադրության դրվել թանգարանում կամ մեկ այլ «նմանատիպ հաստատությունում»: Հիմնադրամի նախագահ Մարկուս Ֆրեյի խոսքով՝ այն չի վաճառվելու, և մշտապես հասանելի է լինելու արվեստի սիրահարների համար:

«Այզելուորտյան Մոնա Լիզան» արվեստի պատմաբաններին հայտնի է շուրջ 100 տարի: 1914-ին նկարը գնել էր անգլիացի նկարիչ և քննադատ Հյու Բլեյքերը, որն ապրում էր լոնդոնյան Այզելուորտ շրջանում (այստեղից էլ ծագում է կտավի անունը): 1964-ին աշխատանքը գնել էր ամերիկացի կոլեկցիոներ Հենրի Պուլիտցերը, որը հայտարարել էր, որ խոսքը գնում է Լեոնարդոյի գլուխգործոցի մասին: Վերջինիս մահից մի քանի տարի անց կտավն անցել է մի քանի կոլեկցիոներներից բաղկացած կոնսորցիումի տրամադրության տակ:

Մեկնաբանել