Ծաղրանկարներ ավիավթարի թեմայով. «սրբապղծությո՞ւն», թե՞ «լուրերի մեկնաբանում»

Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր Ժերար Բիար Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր Ժերար Բիար

Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիավթարի թեմայով ծաղրանկարների մասին զրուցել է Radio France International-ի (RFI) ռուսական ծառայության հետ:

Ծաղրանկարներից մեկում պատկերված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալի վրա ընկնող ինքնաթիռի բեկորները և ուղևորների մարմինների մասեր՝ հետևյալ գրությամբ. «Ռուսաստանյան ավիացիան ուժեղացնում է ԻՊ-ի ռմբակոծությունները»:

Մեկ այլ ծաղրանկարում պատկերված է գանգ՝ հալած արևային ակնոցով՝ վառվող ինքնաթիռի ֆոնին, որի տակ գրված է. «Ես պետք է թռչեի Air Cocaine չվերթով» և «Ռուսական լոուկոստերների վտանգավորությունը»:

Հայացք Փարիզից

Ռուսաստանում ծաղրանկարները շատ սուր են ընդունվել, ինչը զարմացնում է Ժերար Բիարին. «Ես պարզապես դա չեմ հասկանում: Մենք աշխարհիկ, ժողովրդավարական և աթեիստական թերթ ենք: Սրբապղծության գաղափարը մեզ համար որևէ նշանակություն չունի: Մենք պարզապես մեկնաբանում ենք լուրերը, ինչպես և մյուս հրատարակությունները, և դա անում ենք ամեն շաբաթ»,- ասել է Բիարը RFI-ին՝ հավելելով, որ իր հայտարարություններով Կրեմլը փորձում է շեղել հանրության ուշադրությունն այլ խնդիրներից:

Բուն Ֆրանսիայում հրապարակված ծաղրանկարները հանրային մեծ արձագանք չեն գտել, և եթե չլիներ Կրեմլի ցասումը, այդպես էլ աննկատ կմնային: Չնայած՝ Figaro թերթում Charlie Hebdo-ի մասին փոքր հոդվածից հետո հրատարակության վրա տեղացել է ընթերցողների բացասական մեկնաբանությունների տարափ:

«Charlie Hebdo-ի փիլիսոփայությունը, եթե առհասարակ այդպիսին կա, նրանց պատիվ չի բերում, ավելի շուտ՝ ընդհակառակը»:

«Անհամբեր սպասում եմ, երբ է փտելու այդ ցածրորակ չուլը»:

Կային նաև այնպիսիք, որոնք չպաշտպանելով ծաղրանկարները՝ հանդես են եկել ֆրանսիական բարոյականության հասցեին ռուսաստանյան քննադատության դեմ:

«Ուշագրավ է հետևել՝ ինչպես է Պուտինի խոսնակը մեզ ժողովրդավարության դասեր տալիս՝ այն, ինչ առհասարակ չկա և չի եղել բուն Ռուսաստանում»:

Պատմաբան Պիեր Դյուլուն BBC-ին ասել է, որ նման ծաղրանկարներն այն դեպքն են, երբ քաղաքականությունը հետին պլան է մղվում:

«Այստեղ կարելի է խոսել բացառապես հարցի բարոյական կողմի մասին, քաղաքական իրողությունները որևէ նշանակություն չունեն: Այդ ծաղրանկարները այսպես թե այնպես կտեսնեն զոհվածների հարազատները, և դա նրանց մեկ անգամ ևս կհիշեցնի իրենց հսկայական ցավի մասին: Ավելացնել հարազատների ցավը բացարձակապես անընդունելի է, ես չեմ կարող հասկանալ՝ ինչի մասին այստեղ կարելի է բանավիճել»,- ասել է Դյուլուն: Վերջինս հավելել է, որ պարբերականը լուրեր մեկնաբանելու համար կարող էր այլ միջոցներ գտնել, որոնք չեն վիրավորի նրանց, ովքեր առանց այդ էլ տառապում են: Բացի այդ, ըստ պատմաբանի, ամսագրի ֆինանսական վիճակը ծանր է, և նման սադրանքները թեև կարճ ժամանակով, սակայն կրկին ուշադրություն են հրավիրում հրատարակությանը:

Հայացք Մոսկվայից

Նոյեմբերի 4-ին Charlie Hebdo ամսագրում լույս տեսած ծաղրանկարները երկու օր անց Կրեմլը որակել է «սրբապղծություն»: Պաշտոնական Մոսկվայից կարծիքներ հնչեցին, որ ֆրանսիական ամսագիրը հաստատեց իր «բացարձակ անբարոյական և ռուսատյաց» հեղինակությունը:

Ռուսաստանի Պետդումայում մշակվել է երկրի ԱԳՆ-ին հասցեագրված կոչ՝ ներառել Charlie Hebdo-ի աշխատակիցներին պատժամիջոցների ցանկի մեջ:

Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը, մեկնաբանելով ծաղրանկարները, հայտարարել է, որ ֆրանսիացի լրագրողների արտահայտած «կարծիքներն ազատ են և որևէ կապ չունեն երկրի իշխանությունների հետ»:

***

Այս տարեսկզբին՝ հունվարի 7-ին, Փարիզում Charlie Hebdo-ի գրասենյակի վրա տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում, որի արդյունքում սպանվել էր 12 մարդ: Ամսագիրը հայտնի է Մուհամադ մարգարեի սկանդալային ծաղրանկարներով:

Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus А321 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սինայի թերակղզու հյուսիսում: Ավիավթարի զոհ է դարձել 224 մարդ: Դա ռուսաստանյան և խորհրդային քաղավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարն էր: Վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող ամենահավանական վարկածը ահաբեկչությունն է:

Մեկնաբանել