Երևանում հատուկ դպրոց է բացվել սիրիահայերի համար

Երևանի քաղաքապետարանի Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:

Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում, «Կիլիկյան» դպրոցում կրթություն կստանան 1–9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի սիրիահայ ընտանիքները Երևանում իրենց զգան հարմարավետ: «Այսօր արդեն ավելի քան 200 սիրիահայ երեխա կհաճախի նորաբաց այս դպրոցը: Քաղաքապետարանը առաջին իսկ օրից եղել է սիրիահայ ընտանիքների կողքին և շարունակելու է իր լիազորությունների շրջանակում օժանդակել այդ ընտանիքներին: Երևանի ավագանու որոշմամբ մենք լուծեցինք նաև նախադպրոցական տարիքի սիրիահայ երեխաների կրթության խնդիրը, որի շրջանակում այսօր 58 երեխա արդեն իսկ անվճար հաճախում է մանկապարտեզ»,- նշել է քաղաքապետը:

Մեկնաբանել