Pussy Riot-ի անդամ Սամուցևիչը ազատ է արձակվել դատարանի դահլիճում

Pussy Riot պանկ խմբի անդամ Եկատերինա Սամուցևիչին դատարանի դահլիճում ազատ են արձակել։ Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է նրա պատիժը՝ երկու տարվա իրական ժամկետը փոխարինելով պայմանականով։ Բացի այդ՝ նրա համար սահմանվել է փորձաժամկետ (երկու տարի), հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Խամովնիկի դատարանի դատավճիռը խմբի մյուս անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովայի և Մարիա Ալյոխինայի նկատմամբ ուժի մեջ է մնացել․ նրանք դատապարտված են երկու տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Pussy Riot խմբի գործով դատավճիռը կարդացվեց օգոստոսի 17-ին: Խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը դատապարտվեցին երկուական տարվա ազատազրկման` Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցիում կրոնական ատելությամբ դրդված խուլիգանություն կատարելու համար։

Փետրվարին խումբը ներխուժել էր տաճարի խորան և կատարել պանկ-աղոթք` «Տիրամայր, փրկիր մեզ Պուտինից» երգը։

Մեկնաբանել