ՕՊԵԿ-ն այս տարի 3,1% գլոբալ տնտեսական աճ է ակնկալում

2012թ. համաշխարհային տնտեսությունը կաճի 3,1%-ով, 2013թ.՝ 3,2%-ով: Այսպիսի կանխատեսում է պարունակում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ-ի)՝ նավթի համաշխարհային շուկայի իրադրության մասին զեկույցը: Մինչ այս Արժույթի միջազգային հիմնադրամը 2012թ. համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումն իջեցրել էր 0,1 տոկոսային կետով՝ մինչև 3,3%։

Զեկույցում տվյալներ կան նաև առանձին երկրների ՀՆԱ-ի աճի մասով։ Այսպես, 2012թ. ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճը կկազմի 2,2%, 2013թ. կնվազի մինչև 2%: Ճապոնիայում ընթացիկ տարում տնտեսությունը կաճի 2,2%-ով, հաջորդ տարի՝ 1,1%-ով: Եվրոգոտում այս տարի ակնկալվում է տնտեսական անկում 0,5%-ով՝ ավելի վաղ կանխատեսված 0,4%-ի փոխարեն: Ըստ ՕՊԵԿ-ի՝ եթե պարտքային խնդիրները Եվրոպայում հաջողվում է աստիճանաբար հաղթահարել, ապա տնտեսության տեմպի դանդաղումն ավելի ու ավելի է խորանում։

Կարտելը գնահատել է նաև զարգացող շուկաների, մասնավորապես BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) տնտեսական աճի հեռանկարները։ Չինաստանում 2012-ի համար կանխատեսվել է 7,6% տնտեսական աճ, 2013-ին՝ 8%: Հնդկաստանում ընթացիկ տարում տնտեսությունը կաճի 5,7%-ով, հաջորդ տարի՝ 6,6%-ով։

Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանին հաջողվել է ընդհանուր առմամբ պահպանել տնտեսական աճի տեմպը՝ չնայած որոշ դանդաղմանը, բավական բարձր է ներքին պահանջարկը։ Այդուհանդերձ, խորացող գնաճը, ինչպես նաև Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը տնտեսության հետագա դանդաղման համար հավելյալ ռիսկեր է պարունակում։

Մինչ այս Արժույթի միջազգային հիմնադրամը 2012թ. համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումն իջեցրել էր 0,1 տոկոսային կետով՝ մինչև 3,3%: 2013թ. ԱՄՀ-ն ակնկալում է 3,6% աճ՝ հուլիսյան 3,9% կանխատեսման դիմաց։

Մեկնաբանել