Ես ինձ չեմ համարում Չինաստանի լավագույն գրողը. Նոբելյան մրցանակակիր

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած չինացի գրող Մո Յանն իր երախտիքն է հայտնել չինացի բլոգերներին գովեստի խոսքերի և քննադատության համար:

Նշենք, որ երեկ չինացիներից շատերը մեծ ուրախությամբ են ընդունել լուրն այն մասին, որ Յանը Նոբելյան մրցանակի է արժանացել: Ինքը՝ գրողը, այդ մասին տեղեկացել է հեռախոսով՝ տանը ընթրելիս: Նոբելյան մրցանակակիրը խոստովանել է, որ ինքն իրեն չի համարում Չինաստանի լավագույն գրողը, և այդ իրադարձությանը չէր սպասում մեծ ոգևորությամբ:

«Ես անջատվեցի. ինձ համար միևնույնն էր՝ կստանամ, թե ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մո Յանը: «Այս ամենը (հարցազրույցներ, հանդիպումներ) շատ շուտով կանցնի: Կարևորը՝ պահպանել տրամադրվածությունը: Սա միայն մրցանակ է, և դրան արժանանալը չի նշանակում, որ դարձել ես Չինաստանի լավագույն գրողը»,- հավելել է Յանը:

Մինչդեռ երեկվանից գրողի անունն ամենաշատ քննարկվողն է չինական բլոգներում և որոնողական համակարգերում, իսկ ինտերնետ-խանութներում և գրախանութներում նրա գրքերի վաճառքը հաշվված րոպեներում հսկայական աճ է գրանցել:

Մեկնաբանել