Հնարավոր է՝ Սիրիայում քառօրյա զինադադար հաստատվի

Սիրիայի կառավարությունը պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ համամուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում զինադադար հայտարարելու մասին առաջարկը, որն ուղղված է թե սիրիական կառավարությանը, թե ընդդիմությանը. այս մասին հաղորդում է Ria-novosti-ն:

Այս կոչով Բարհիմին նախօրեին դիմել էր Իրանի իշխանություններին, որ, իր կարծիքով, կարող են օժանդակել Սիրիայի զինված հակամարտության կողմերի միջև համաձայնության հաստատմանը: «Սիրիական կողմը (իշխանությունները) պատրաստ են քննարկել այդ տարբերակը»,- նշել է Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդսին:

Մեկ շաբաթ առաջ Դամասկոսը մերժել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ միակողմանիորեն կրակը դադարեցնելու առաջարկը: Այդ ժամանակ Սիրիայի ԱԳՆ-ն առաջարկել էր Պան Գի Մունին «պաշտոնյաներ ուղարկել այն պետություն, ում ազդեցությունը զինված խմբավորումների վրա բավարար է, որ համոզեն դադարեցնել բռնությունները»:

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն շուրջ երկու տարի է, ինչ շարունակվում են զինված բախումները, որոնց զոհն է դարձել շուրջ 20 հազ. մարդ:

Մեկնաբանել