Թունիսում բոլոր լրատվամիջոցները գործադուլ են հայտարարել

Թունիսում լրագրողների զանգվածային գործադուլ է։ Թունիսյան զանգվածային բոլոր լրատվամիջոցները, ներառյալ՝ էլոկտրոնայինները, դադարեցրել են աշխատանքը՝ բողոքելով պետության՝ իրենց գործունեությանը միջամտելու դեմ։

«Պետական և մասնավոր լրատվամիջոցների բոլոր լրագրողներն այսօր գործադուլ են անում,- հայտարարել է Թունիսցի լրագրողների ազգային արհմիության նախագահ Նեջիբա Խամրունին։ – Մեր նպատակն է մամուլի և խոսքի ազատությունը ոչ միայն լրագրողների, այլև ամբողջ թունիսցի ժողովրդի համար»։

Լրագրողներն իշխանություններին մեղադրում եմ լրատվամիջոցներում ղեկավար պաշտոններում իրենց մարդկանց նշանակելու ճանապարհով լրատվության նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձի մեջ։

Պետական ռադիոն իր կայքում տեղադրել է սև բաներ՝ «Լրագրողների գլխավոր գործադուլը․ ազատություն մամուլին ու իրավունքներ քաղաքացիներին» գրությամբ։

Թունիսյան Tap լրատվական գործակալությունը հայտարարել է, որ «մատուցել է նվազագույն ծառայություններ՝ միայն գերշտապ նորությունները»։ Նույնը արել է նաև ազգային հեռուստատեսությունը։

Թունիսի կառավարությունն արձագանքել է լրագրողների պահանջներին և հայտարարել է, որ կվերականգնի մամուլի ազատություն երաշխավորող երկու դեկրետների՝ 115-ի և 116-ի գործողությունը։ Դրանք 2011թ․ նոյեմբերի 2-ին ստորագրել էր երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուադ Մեբազաան, սակայն իշխող կոալիցիան, գալով իշխանության, արգելափակել էր դրանք։

Դեկրետ 115-ը սահմանում է լրագրողների իրավունքները և արգելում տեղեկատվության փոխանակման սահմանափակումը։ Դեկրետ 116-ը ստեղծում է տեսաձայնային լրատվամիջոցների գերագույն ազատ ատյան։ Այս մարմինը պետք է նաև հանձնի ռադիո և հեռուստահեռարձակման արտոնագրեր։

«Մենք կարծում ենք, որ այս որոշումը պատասխան է մեր պահանջներից մեկին»,- հայտարարել է Թունիսցի լրագրողների ազգային արհմիության գործադիր կոմիտեի անդամ Զիյադ ալ Հենին՝ երկրի իշխանություններին կոչ անելով «արագացնել ընդունած որոշման իրականացումը»։

Մեկնաբանել