Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցում կրկին զանգեր են հնչել

Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում 98 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել, հաղորդում է «Ակօսը»:

Զանգակատան վերանորոգումից հետո տեղի ունեցած պատարագը մատուցել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ասել է, թե երջանիկ է, որ 100-ամյա ընդմիջումից հետո կրկին հնչում են եկեղեցու զանգերը: Աթեշյանը նաև շնորհակալություն է հայտնել եկեղեցու վերանորոգման գործում ներդրում ունեցած մարդկանց: Պատարագին մասնակցել են Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից ժամանած հայեր: Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են նաև բազմաթիվ մուսուլմաններ: Պատարագը տեղի է ունեցել թուրքական ոստիկանության աչալուրջ հսկողության ներքո:

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը քանդվել էր 1914թ. թնդանոթային հարվածի հետևանքով: Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրում մնացած հայերը շարունակում էին խնամել եկեղեցին, սակայն 1980թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, երբ շրջանում բնակվող վերջին հայերն էլ հեռացան, եկեղեցին ամբողջովին լքվեց:

2010թ. Դիարբեքիրի «Սբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնց օժանդակում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին իր մասնակցությունն էր բերել Դիրաբեքիրի Բույուքշեհիրի շրջանի քաղաքապետարանը` հատկացնելով 1 մլն թուրքական լիրա: Երկուսուկես տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտվել են անցած տարվա հոկտեմբերին, երբ վերաբացվել է եկեղեցին:

Ուշագրավ է, որ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին համարվում է ամենամեծը Մերձավոր Արևելքում:

Մեկնաբանել