Հանրային խորհրդի մշակած քաղաքացիական հասարակության հայեցակարգի միջոցով իշխանությունն ակնհայտորեն միտում ունի այս ոլորտ ներթափանցելու և այն կառավարելի դարձնելու: «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով հանդիպմանն այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Կառավարությունը և կառավարական օղակները հետաքրքված չեն քաղաքացիական հասարակության կարծիքով, դրա ներուժի օգտագործմամբ: Սակայն միջազգային դոնորների առջև պարտավորվածություն ունենալով և ժողովրդավարական պրակտիկայից ելնելով` կառավարությունը ստեղծում է զուտ հայկական խնդիր քաղաքացիական հասարակության համար: Այն է՝ ձևավորում է մի կառավարելի դաշտ, որտեղից ստանում է իր ուզած կարծիքը, որն ավելի է լեգիտիմացնում կառավարության որոշումները` այդպիսով իսկապես անկախ քաղաքացիական հասարակության, հասարակական շահն արտահայտող կազմակերպությունների և հասարակության կարծիքը թողնելով չլսված»,- ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց Մինասյանը:
Նրա կարծիքով` հայեցակարգում ներառված են հասարակական կազմակերպությունների ֆինանսական միջոցների վերահսկման և գործունեության բովանդակության հարցերը, որոնք մտահոգիչ են:
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին այն կազմակերպությունները, որոնք հրավիրված չեն եղել հայեցակարգի մշակմանը և քննարկմանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն ասաց, որ իշխանությունները քաղաքացիական հասարակությունը դիտում են որպես խանգարող գործոն և եվրոպական կառույցների առջև համագործակցության իմիտացիա են ստեղծում:
«Մենք կազմակերպել ենք քննարկում, որին հրավիրել ենք նաև արդարադատության նախարարին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, սակայն նրանք չեն եկել: Եթե նույնիսկ այս հայեցակարգը լավագույն ցանկություններով գրված լինի, մեր քաղաքական գործիչների մոտ առկա հոգեբանության պայմաններում իրական զարգացում չի լինի քաղաքացիական հասարակությունում»,- ընդգծեց Իշխանյանը:
«Համակարգիչը օրագունտանգի ձեռքում ինքնապաշտպանության գործիք է` որևէ մեկին վտանգի դեպքում խփելու համար: Մտավախություն ունեմ, որ իշխանություններն այս հայեցակարգը նմանապես կօգտագործեն»,- ասաց Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
Հայաստանում Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը ներկայացվել է 2012թ. հոկտեմբերի 26-ին: Այն մշակել է Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը:
Հայեցակարգում նշված է, թե ինչ բան է քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական հասարակության կառույցը, ինչ տեղում են հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, զանգվածային լրատվամիջոցները, ինչպիսին պետք է լինի քաղաքացիական հասարակության կառույցների և կուսակցությունների փոխհարաբերությունների արդյունավետ մոդելը, պետության հետ շփումը և այլն:
Հանդիպումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: