Գուցե փրկօղակը ՀՀԿ-ի համար է նաև. Ա. Վարդանյանը` Ա. Աշոտյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` «ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության» վերնագրով ֆեյսբուքյան գրառմանը, նշել է, որ այն առանձնահատուկ էր` «պետական մենաշնորհի դիրքերից՝ գոռոզ, այլ կարծիք չհանդուրժող ու նաև՝ իբր սրտացավ, իբր մտահոգ»: Աշոտյանը գրել էր, թե ԲՀԿ-ի հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար:

«Ձեր կեղծ հզորությունը, երկրի ու ժողովրդի հանդեպ Ձեր պյուրոսյան հաղթանակները Ձեզ պահեք: Մենք մեր ճամփով գնում ենք: Ձեզ պահեք սխալ աշտարակից սխալ գնահատականը, թե ով ում փրկօղակն է: Գուցե փրկօղակը պետականության ու նրա ժամանակավոր մասի՝ Հանրապետականի համար է նաև:

Եվ եթե մտածում եք՝ քաղաքական ուժը միայն իշխանության մեջ լինելու համար է, նորից եք սխալվում: Եթե մտածում եք՝ քաղաքական ուժի կշիռն ու ազդեցությունը որոշվում է 2012թ. բնույթի ընտրությունների արդյունքներով, սխալվում եք եռակի:

ՀՅԴ-ում պետական-քաղաքական դեմքերի բացակայության մասին խոսում են նրանք, ում բոլոր ընտրապայքարները մեկ մարդ է տարել իր ուսերին: Ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսում են նրանք, ովքեր շնչում ու մոռանում են արտաշնչել առանց հրահանգների:

Ծաղր է: Նոր դեմքերի մասին են խոսում նրանք, ում նորերը ամենահին մտակաղապարներն ունեն: Մեր հին ու նորագույն պատմության տերը մենք ենք՝ մեր սկզբունքներով, մեր ինքնուրույնությամբ, մեր անկախությամբ: Դուք ինչի՞ տեր եք:

Եվ վերջինը՝ Հայ առաքելական եկեղեցուն մերձ սիրելի’ Աշոտյան, մի’ դատիր, որ չդատվես, առաջինները վերջին կդառնան, երանի հոգով աղքատ երիտասարդ հանրապետականներին»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Մեկնաբանել