«Եվրատեսիլ»-ից ուշ հրաժարվելու համար Հայաստանը կտուգանվի

Ժնևի` ԵՀՄ ԶԼՄ-ների հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերի խոսքով` նման որոշում է կայացվել Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Ըստ որոշման` Հայաստանը պետք է վճարի մրցույթին մասնակցելու համար սահմանված գումարը, ինչպես նաև` այդ գումարի 50%-ը՝ որպես տուգանք: Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի կարողացել ասել, թե որքան է այդ գումարը: Սակայն դրանից բացի, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչ փուլը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթի մասնակցելու իրավունքից, ավելացրել է խորհրդի ներկայացուցիչը:

Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ դատավճիռը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշել է իր մասնակիցներին Բաքու չուղարկել: «Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», – նշել է նա՝ պարզաբանելով, որ հենց այդ իրավիճակն է տեղի ունեցել Հայաստանի պարագայում: Չմասնակցելու որոշման մասին հայտարարվել է, երբ դրա համար նախատեսված բոլոր ժամկետները լրացել էին:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին մի խումբ հայ երգիչներ հայտարարել էին «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց հրաժարվելու մասին, քանի որ այդ օրը հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի դիպուկահարի գնդակից երկու երկրների շփման գծում զոհվել է հայ զինծառայող: Մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն նշել է, որ Երևանի նման քայլը «խորհրդի կանոններին չի համապատասխանում»:

Մեկնաբանել