«Սև ուրբաթ» ռուսական բորսայի համար՝ Ղրիմի հանրաքավեի պատճառով

Մարտի 14-ին՝ ռուսական ֆոնդային հիմնական ինդեքսները անկում են արձանագրել՝ մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեին ընդառաջ, հաղորդում է forbes.ru-ն: Մոսկվայի ժամանակով ժամը 13:00- դրությամբ՝ MICEX ինդեքսը կազմել է 1216 կետ, RTS-ը՝ 1044: Անկումը կազմել է համապատասխանաբար 3,09% և 2,69%: Շաբաթվա սկզբից ի վեր MICEX-ի անկումը կազմել է 9,2% և RTS-ինը՝ 9,9%, իսկ տարեսկզբից ի վեր՝ համապատասխանաբար16,9% և 24,8%:

Ըստ մի շարք փորձագետների՝ ներդրողները վաճառում են բաժնետոմսերը ՝ չսպասելով Ղրիմի հանրաքվեի արդյունքներին: «Լրատվական ֆոնը վատ է. բոլորը վախենում են, որ հանրաքվեից հետո հնարավոր է հակամարտության սրում, զորքերի մուտք և պատժամիջոցների սահմանում: Իրավիճակի զարգացումը կանխատեսել հնարավոր չէ, ուստի ներդրողները հիմա են «հեռանում»», -նշել է Arbat Capital-ի փորձագտե Յուլյա Բուշևան:

Փորձագետների մի մասի կարծիքով՝ պետք չէ սպասել, որ շուկաներում կոլապս կլինի, և այն, ինչ տեղի է ունենում շուկայում հիմնականում քաղաքական իրադրության արտացոլումն է, իսկ ինդեքսների անկումը պայմանավորված է հանգամանքով, որ նախկինում որևէ մեկը չէր հավատում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, մինչդեռ այժմ դրանց սահմանումը առավել հավանական է թվում: Փորձագետները նշում են, որ ներդրողները չեն ցանկանում հայտնվել իրավիճակում, երբ չեն կարողանա ժամանակին արձագանքել, հետևապես իրենց առևտրաշրջանները փակում են հանրքավեից առաջ:

RTS-ի և MICEX-ի կտրուկ՝ համապատասխանաբար 4,8% և 5% անկում էր արձանագրվել նաև մարտի 3-ին, այն բանից հետո, երբ մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։

Մեկնաբանել