Նոյեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով նախարարին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանն ընդգծել է, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարևոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ և վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է:
Վրաստանի մշակույթի նախարարը, իր խոր հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարևորել է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան մեր ժողովուրդներին և հասարակություններին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկել է Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում, և որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնվել են այդօրինակ նախագծերի ծրագրման և իրականացման արդյունավետության հարցում:
Դեսպան Մանուկյանը և նախարար Օդիշարիան քննարկել են Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարևորելով վերջիններիս արագ և արդյունավետ լուծումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը և համատեղ միջոցառումների կազմակերպմանը: