Սիրիացի փախստականները ծանրացնում են Թուրքիայի գործազրկության խնդիրը

AlMonitor կայքում լույս է տեսել սյունակագիր Մեհմեթ Չեթինգյուլեչի հոդվածը՝ «Սիրիացի փախստականները ծանրացնում են Թուրքիայի գործազրկության խնդիրը» վերնագրով: Հոդվածագիրն անդրադառնում է սիրիացի փախստականների ներհոսքով պայմանավորված՝ Թուրքիայում գործազրկության աճին: Չեթինգյուլեչը վստահ է՝ պետությունը, անտեսելով այս հարցը, ստիպում է, որ սիրիացիներն ու թուրքերը ինքնուրույն փնտրեն ճգնաժամից դուրս գալու ուղիներ: Օրերս Թուրքիայի մի քանի քաղաքներում անցած բողոքի ցույցերը դրա մասին են վկայում: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Թուրքիայում սովորաբար տնտեսությունը քննարկելիս խոսում ենք արժեզրկման, ներկա պակասորդի և տոկոսադրույքների մասին: Գործազրկությունը՝ տնտեսական այս բարոմետրը, որն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց վրա, սովորաբար անտեսվում է:

Սիրիացի փախստականների ներհոսքին զուգընթաց երկրի որոշ շրջաններում բարձրացել է գործազրկության մակարդակը՝ կապված նրա հետ, որ բազմաթիվ գործատուներ նախընտրում են թուրք աշխատողների փոխարեն վարձել սիրիացիների, քանի որ վերջիններս աշխատում են ավելի ցածր աշխատավարձով:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի վերջին տվյալներով՝ մարտ ամսվա դրությամբ գործազրկության մակարդակը եղել է 9.7% կամ 2 մլն 747 հազ. մարդ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրանցվել է 0.3% աճ:

Ավելի քան 1 մլն փախստական

Գործազրկության ցուցանիշները աճում են Թուրքիայում սիրիացի փախստականների աճին զուգընթաց: Վերջերս փոխվարչապետ Բեշիր Աթալայի հրապարակած տվյալներով՝ այժմ փախստականների թիվը 1 մլն 50 հազ. է:

Թուրքիայում կա փախստականների 22 ճամբար, սակայն սիրիացիները հաստատվել են երկրով մեկ, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում և Մերսինում, որոնք մոտ են Սիրիայի հետ սահմանին: Նրանք, ովքեր գումար ունեին, բիզնես են հիմնել, սակայն մեծամասնությունն ապօրինի է աշխատում: Տասնյակ հազարավոր սիրիացիներ, որոնք աշխատանք են փնտրում, համաձայն են ստանալ թուրք աշխատողներին տրվող աշխատավարձի կեսը, հատկապես գյուղատնտեսության, արտադրության և սպասարկման ոլորտներում:

Թուրքիայում արաբ զբոսաշրջիկների աճը սիրիացիներին թույլ է տալիս հեշտությամբ աշխատանք գտնել ռեստորաններում, սրճարաններում և հուշանվերների խանութներում:

Գործազրկությունն աճում է շրջաններում, որտեղ սիրիացիներ են աշխատում

Գործազրկության մակարդակն ավելի արագ է աճում այն շրջաններում, որտեղ կուտակված են մեծ թվով սիրիացիներ: Գործատուները նախընտրում են աշխատանքի վերցնել սիրիացիների, որոնք ծախսերի տեսանկյունից իրենց արժենում են երեք անգամ ավելի քիչ, քան թուրք աշխատողը:

Օսմանիե քաղաքում, օրինակ, կա 10 հազ. սիրիացի: Մեկ տարում գործազրկության մակարդակն այդ քաղաքում 10%-ից հասել է 14%-ի: Օրական 50 լիրա դրույքի փոխարեն ($24) սիրիացիներն աշխատում են 20 լիրայով ($10):

Գործազրկության ճգնաժամ

Ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված սիրիացի փախստականները կառչում են ցանկացած աշխատանքից, որը հնարավոր է գտնել: Աշխատանքային շուկայում այս բումը իջեցրել է աշխատավարձերի մակարդակը: Թուրքիայի բնակչության՝ մոտ 1 մլն-ով կտրուկ աճի հետևանքով վարձակալության գները բարձրացել են 40-50%-ով, հատկապես Գազիանթեփում, Շանլըուրֆայում և Հաթայում: Վարձակալության գների աճն ու գործազրկության մակարդակի բարձրացումը հարված են հասցնում տեղական բնակչության աղքատ խավին: Ավելի ու ավելի մեծ թվով բանկային պարտքեր մնում են չմարված:

Տնտեսական դժվարությունները հանգեցնում են ինքնասպանության: 2013թ. ինքնասպանություն էր գործել 3,189 մարդ. դեպքերի 6.9%-ում ապացուցվել է, որ ինքնասպանոթյունը տեղի է ունեցել ֆինանսական խնդիրների պատճառով:

Փոքր Սիրիաներ

Սահմանին մոտ գտնվող շրջաններում սիրիացի առևտրականները սեփական բիզնեսն են հիմնում: Նրանց ցուցանակներն արաբերեն են, քանի որ հաճախորդների մեծ մասն արաբներ են:

Թուրքական բազմաթիվ քաղաքներում կան «փոքր Սիրիաների» նշաններ: Մինչ սիրիացիները գոյության համար պայքար են մղում, աղքատ թուրքերը տառապում են և նույնպես կենսապայքար մղում: Սիրիացի փախստականների խնդիրը դարձել է պետական հարց, սակայն պետությունը նախընտրում է այլ ուղղությամբ նայել: Խուսափելով քայլեր ձեռնարկել՝ պետությունը նպաստում է նրան, որ թուրքերն ու սիրիացիները ճգնաժամից դուրս գալու իրենց սեփական ուղիները գտնեն:

Մեկնաբանել