Tetris-ը ճանաչվել է ժամանակակից արվեստ

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը ձեռք է բերել 14 վիդեոխաղ, որոնք դարձել են ճարտարապետության և դիզայնի բաժնի նոր հավաքածուի մի մասը: Թանգարանի կայքը հաղորդում է, որ խաղերին նվիրված ցուցադրությունը կբացվի 2013-ի մարտին:

Հավաքածուի առաջին մասում ընդգրկված են Pac-Man (1980), Tetris (1984), Another World (1991), Myst (1993), SimCity 2000 (1994), Vib-Ribbon (1999), The Sims (2000), Katamari Damacy (2004), EVE Online (2003), Dwarf Fortress (2006), Portal (2007), flOw (2006), Passage (2008) և Canabalt (2009) խաղերը:

Բաժնի ղեկավար Անտոնելլի խոսքով՝ ընտրված վիդեոխաղերն արվեստի և ինտերակտիվ դիզայնի փայլուն նմուշներ են: Առաջիկա տարիներին թանգարանը մտադիր է հավաքել քառասուն անուն խաղ: Ակնկալվում է, որ հավաքածուն կհամալրեն այնպիսի խաղեր, ինչպիսիք են Spacewar!-ը (1962), Super Mario Bros.-ը (1985), Grim Fandango-ն (1998) և Minecraft-ը (2011):

Անտոնելլին հավելել է նաև, որ խաղերն ընտրվում են նույն սկզբունքներով, որոնցով մասնագետներն առաջնորդվում են մյուս հավաքածուները ստեղծելիս. հաշվի են առնվում օբյեկտի պատմական և մշակութային արժեքը, գեղագիտական տարրը, ֆունկցիոնալությունն ու նորարար տեխնոլոգիաները:

40 վիդեոխաղի ցանկ կազմելու համար թանգարանն աշխատել է տարբեր ոլորտների փորձագետների՝ իրավաբանների, պատմաբանների ու արտ-տնօրենների հետ:

Մոտ ապագայում խաղերին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն ամերիկյան ևս երկու՝ Museum of the Moving Image և Smithsonian American Art Museum թանգարաններում:

Մեկնաբանել