Skype-ը տեսահաղորդագրություններ կուղարկի

Skype-ը կսովորի տեսահաղորդագրություններ ուղարկել: Այս մասին է վկայում ծրագրի արտոնագրված համաձայնագրի փոփոխությունը: Ինչպես հաղորդում է Computer World կայքը, ծառայությունը մասամբ անվճար կլինի:

Վերջերս Skype-ը թարմացրել էր արտոնագրման բջջային ծրագրի տեքստը` ներառելով նրանում տեսահաղորդագրությունների կիրառման մասին պայմանը: Նոր ծառայությունն օգտատերերին հնարավորություն կտա միմյանց կարճ տեսաձայնագրություններ ուղարկել:

Արտոնագված համաձայնագրում նշվում է, որ նոր ծառայության անսահմանափակ օգտագործումն ամսական կարժենա $8,99, իսկ երեք ամսվա կամ մեկ տարվա վճարում կատարելու դեպքում կգործեն զեղչեր: Ծառայության մշտական օգտագործողները հնարավորություն կունենան ստանալ և ուղարկել անսահմանափակ թվով տեսահաղորդագություններ: Ծառայությունում դրանց պահպանման ժամկետը ևս կլինի անսահմանափակ:

Անվճար ուղարկված կամ ստացված հաղորդագրությունները կհեռացվեն համակարգից 90 օրվա ընթացքում:

Ներկայում Skype-ը հրաժարվում է մեկնաբանել արտոնագրման համաձայնագրի փոփոխության մասին լուրերը, ուստի լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվում:

Մեկնաբանել