Օզալի մարմնում թույն հայտնաբերվել է, սակայն նրան չեն թունավորել. փորձաքննություն

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մարմնում հայտնաբերվել են թունավոր նյութեր, սակայն դրանք նրա մահվան վերջնական պատճառը չէին կարող լինել: Այսպիսի եզրակացության է եկել Թուրքիայի Դատաբժշկական փորձաքննության խորհուրդը, որն ուսումնասիրել է հանգուցյալ նախագահի մարմնի մասերը: Զեկույցն ուղարկվել է Անկարայի հանրապետական դատախազություն: Այդպիսով` Օզալի մահվան վերջնական պատճառը շարունակում է մնալ չբացահայտված, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Ուշագրավ է, որ Դատաբժշկական փորձաքննության խորհրդի նախագահ Հալուկ Ինջեն իր անհամաձայնությունն է հայտնել առ այն, որ հայտնաբերված թույնը չի կարող դառնալ Օզալի մահվան պատճառ, հաղորդում է Zaman-ը: Ինջեի խոսքով` դատաբժիշկների շրջանում տարաձայնություն կա, քանի որ մասնագետների մի մասի համոզմամբ` թույնը կարող էր Օզալի մահվան պատճառ դառնալ: Թուրգութ Օզալի որդի Ահմեթ Օզելը զեկույցի վերաբերյալ իր ափսոսանքն է հայտնել` Twitter-ում գրելով. «Թույն կա, սակայն չի թունավորվել: Որքան կատակերգական է»: Օզալի որդու կարծիքով` գործին խառնվել է «խորքային պետությունը», և Թուրքիայի կառավարությունը խիզախություն չի ունեցել բացահայտել Օզալի հոր մահվան իրական պատճառը:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ թուրքական Bugun թերթը գրել էր, որ Օզալի մարմնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թունավոր նյութ, որը կոչվում է ստրիխնինի թույն (բնամորմի թույն): Այն օգտագործվում է մկներին և առնետներին վնասազերծելու համար: Դատաբժշկական փորձաքննության մեջ ներգրավված մասնագետներից մեկը Bugun-ի հետ զրույցում ընդգծել էր, որ վերոնշյալ թունավոր նյութը մահվան է հասցնում 15-20 րոպեի ընթացքում: Թուրքիայում շատ են խոսում այն մասին, որ Թուրքիայի նախկին նախագահին թունավորել են լիմոնադի միջոցով:

Բացի այդ` շրջանառվում էր այն վարկածը, թե Օզալի մարմինը մահվանից հետո չի դիահերձվել:

Նշենք, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել Օզալի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ: Այդ իսկ պատճառով 2012թ. հոկտեմբեր 2-ին բացվել էր Թուրքիայի հանգուցյալ նախագահի գերեզմանը և այնուհետ արտաշիրիմվել: Նշենք, որ Օզալի ընտանիքը դեմ էր այս քայլին: Ըստ պաշտոնական վարկածի` Օզալը մահացել է 1993թ. ապրիլի 17-ին սրտի անբավարարության հետևանքով, թեև դեռ այն ժամանակ էլ Օզալի մահը Թուրքիայում կասկածների տեղիք էր տվել. լուրեր էին շրջանառվում, որ Օզալին թունավորել են:

Թուրգութ Օզալը ծնվել է 1927թ.: Հիմնել է «Մայր հայրենիք» կուսակցությունը և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո դարձել Թուրքիայի 19-րդ վարչապետը: 1989թ. դարձել է Թուրքիայի 8-րդ նախագահը:

Մեկնաբանել