Հայաստանը և ԵՄ-ն կստորագրեն մուտքի վիզաների պարզեցման մասին համաձայնագիրը

Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը: Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կստորագրվեն մուտքի վիզաների պարզեցման և հետընդունման համաձայնագրերը, որոնք վավերացումից հետո ուժի մեջ կմտնեն 2013թ. կեսերին:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունի, հայկական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն արդեն մեկնել է Բրյուսել:

Մուտքի վիզաների պարզեցման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու պարզեցված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Նշենք, որ ԵՄ-ի հետ մուտքի վիզաների պարզեցման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2012թ. փետրվարին Երևանում:

Մեկնաբանել