Taraf-ի խմբագրակազմը հրաժարական է տվել

Թուրքական Taraf թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, փոխխմբագիր Յասեմին Չոնգարը և խմբագրակազմի այլ անդամներ անսպասելի հրաժարական են տվել և լքել թերթը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Այս լուրը հատկապես դժգոհությամբ են ընդունել Թուրքիայի հասարակության ընդդիմադիր ու ձախ հայացքներ ունեցողները: Milliyet-ի սյունակագիր, թուրք հայտնի լրագրող Հասան Ջեմալը գրել է, որ Taraf-ում հայտնվում էին այնպիսի լուրեր և տեղեկություններ, որոնք չէր կարելի գտնել թուրքական մյուս պարբերականներում:

Ալթանի և մյուսների հրաժարականի իսկական պատճառը դեռ հայտնի չէ: Թուրքական մամուլում շրջանառվում է տեսակետ, ըստ որի` Ալթանը ստիպված է եղել լքել թերթը ֆինանսական խնդիրների պատճառով: Այն բանից հետո, երբ թուրքական դատարանը պարտադրեց Ալթանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վճարել 15 հազ. լիրա, խմբագիրը նշեց, որ դա իր վերջին գումարն է:

Նախապես այն վարկածն էր շրջանառվում, թե Taraf-ի նոր խմբագիրը կարող է դառնալ թերթի համակարգող, պոլսահայ լրագրող Մարգար Եսայանը: Սակայն ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, Եսայանը նույնպես լքել է թերթը: Taraf-ի սեփականատերը հայտարարել է, թե չնայած հրաժարականներին` իրենք շարունակելու են թերթի տպագրումը:

Taraf-ը հայտնի էր իր խիզախ հրապարակումներով: Ահմեթ Ալթանը մշտապես քննադատության էր ենթարկում Էրդողանին և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Taraf-ը և նրա խմբագիր Ահմեթ Ալթանը բազմիցս անդրադարձել են Հայոց ցեղասպանության իրողությանը, ինչը դժգոհություն էր առաջացնում թուրքական կառավարող շրջաններում: 2008թ. Ալթանը Taraf-ի իր սյունակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոդված էր գրել, որից հետո թուրքական դատարանը նրան մեղադրել է թուրքականությունը վիրավորելու մեջ:

Մեկնաբանել