Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Օբամային

Ամերիկյան Time ազդեցիկ պարբերականը «2012թ․ Տարվա մարդ» է ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային․ նրա լուսանկարը կհայտնվի պարբերականի այս տարվա վերջին համարի շապիկին։

«Մենք բոլորս մշակութային ու ժողովրդագրական պատմական փոփոխությունների սահմանագծին ենք, և Օբաման դրանց խորհրդանիշն է ու որոշ իմաստով՝ նոր Ամերիկայի ճարտարապետը»,- նշել է Time-ի գլխավոր խմբագիրը։

Օբաման Time-ի «Տարվա մարդ» է դառնում արդեն երկրորդ անգամ․ պարբերականի խմբագրությունն ԱՄՆ նախագահին այս տիտղոսն առաջին անգամ շնորհել էր 2008թ․։

Նշենք, որ պարբերականի ընթերցողներն անցյալ շաբաթ օնլայն հարցման ընթացքում «Տարվա մարդ» էին ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Հատկանշական է, որ մինչ այժմ խմբագրության և ընթերցողների ընտրությունը երբեք չի համընկել։

«2012թ․ Տարվա մարդու» 38 հավակնորդների թվում էին նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին, պակիստանցի 15-ամյա ակտիվիստ Մալալա Յուսուֆզային, ռուսական Pussy Riot պանկ խումբը, հարավկորեացի ռեփեր Psy-ը, Curiosity մարսագնացը, անօրինական ներգաղթյալի հավաքական կերպարը և այլն։

Time-ի խմբագրությունը «Տարվա մարդ» է ընտրում 1927-ից․ այս տիտղոսն առաջին անգամ ստացել է ամերիկացի օդաչու Չառլզ Լինդբերգը։ Ավելի քան 80 տարվա ընթացքում պարբերականի տարվա ամփոփիչ համարի շապիկին հայտնվել են Մահաթմա Գանդին, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը (երկու անգամ), Ուինսթոն Չերչիլը, Վլադիմիր Պուտինը։ Անցյալ տարի «Տարվա մարդ» էր հայտարարվել «ցուցարարի» հավաքական կերպարը․ պարբերականն այդպես ընդգծել էր 2011թ․ ամբողջ աշխարհում տեղի ունեցած բողոքի ցույցերի կարևորությունը։

Մեկնաբանել