Իվանիշվիլին կասկածի տակ է առել «Կարս-Ախալքալաք» երկաթուղու արդյունավետությունը

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի «Ախալքալաք-Կարս» հատվածի կառուցման հարցը պետք է քննարկել, քանի որ հնարավոր է` այն ձեռտու չէ Վրաստանին: Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Մեղմ ասած` «Ախալքալաք-Կարս» երկաթուղու կառուցումը հարցեր է առաջացնում: Հնարավոր է՝ ես ստիպված լինեմ այս թեմայով հարցեր ուղղել Ադրբեջան կատարելիք իմ այցի ժամանակ (ակնկալվում է դեկտեմբերի 26-ին) և հարցնել, թե որ փուլում է գտնվում գործընթացը: Հնարավոր է՝ դա շահավետ չէ մեզ համար, և կարգավորման կարիք ունի: Իսկ դա հեշտ չի լինի, քանի որ գործընթացն արդեն սկսվել է, և շինարարությունն ընթացքի մեջ է: Անհրաժեշտ էր այդ հարցերը լավ վերլուծության ենթարկել նախապես՝ մինչև շինարարության մեկնարկը, և այս գործընթացում ներառել նաև փորձագետներին»,- ասել է Իվանիշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքով` մի կողմից` իր կառավարությունը պետք է հարգանք ցուցաբերի հարևանների և այն պարտավորությունների հանդեպ, որ ստանձնել է նախկին կառավարությունը, սակայն մյուս կողմից` կան հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում:

Իվանիշվիլիի այս հայտարարությանն արձագանքել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` նշելով, որ այս հարցում կառավարության նման դիրքորոշումը մտահոգիչ է Վրաստանի համար և կարող է երկիրը հեռվացնել Եվրոպայից:

««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին Վրաստանի անկախության կարևոր ձեռքբերումներից է: Այս ճանապարհը հնարավորություն է տալիս Եվրոպայի հետ ուղղակի երկաթուղային կապ հաստատել`շրջանցելով Ռուսաստանը»,- ասել է Սաակաշվիլին:

Մեկնաբանել