Օդանավակայանի փոխարեն՝ Քարվաճառի ճանապարհ

Արցախի ճանապարհաշինության ոլորտում 1995-ից իրականացվել են մի շարք կարևորագույն քայլեր, որոնք կենսունակություն են հաղորդել պատերազմից ավերված երկրին: Դրանցից առաջինը, բնականաբար, կյանքի ճանապարհն էր՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող Գորիս-Ստեփանակերտ ուղին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված: Երկրորդ ճանապարհը՝ Արցախի ողնաշարի համբավ ձեռք բերած «Հյուսիս-հարավը», նույնպես կառուցվել է համայն հայության միջոցներով: Հայությունը միշտ էլ զգայուն է եղել Արցախի համար ենթակառուցվածքներ ստեղծելու գործի նկատմամբ:

Չնայած այս կարևոր ձեռնարկներին՝ կան այլ տարբերակներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն ՀՀ-ի հետ ցամաքային կապը: Երևանից Արցախ բերող ներկայիս ասֆալտապատ ճանապարհը բավական երկար ու անհարմար է, տևում է 5 ժամ:

Քարվաճառի (Նոր Շահումյանի) շրջանով անցնող ճանապարհը, որն Արցախը Երևանին է կապում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի միջոցով, ավելի հարմարավետ է, զուրկ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի հոգնեցնող ոլորաններից և թույլ կտա Երևան-Ստեփանակերտ ճանապարհը կրճատել մեկուկես ժամով՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով Մարտակերտի և Քարվաճառի շրջանների գյուղերի համար: Այս ճանապարհն այսօր էլ կա, սակայն ասֆալտապատ չէ: Մաղավուզի քարածխի արդյունահանման նպատակով ճանապարհի երկայնքով հողային աշխատանքներ են կատարվել՝ որոշակիորեն բարելավելով վիճակը: Եթե տարիներ առաջ հայությունը կառուցում էր «կյանքի ճանապարհ» կամ «Արցախի ողնաշար», ապա այսօր առաջնահերթությունը հանքի ճանապարհ բացելուն է տրված:

Այնինչ ժամանակն է վերոնշյալ ճանապարհը առաջվա էնտուզիազմով կառուցելու համար՝ լինի դա համայն հայության մասնակցությամբ, թե պետական բյուջեի փողերով: Այս ճանապարհը ավելի մեծ տնտեսական դիվիդենտներ կարող է ապահովել, քան Ստեփանակերտի օդանավակայանը, որի գործարկման ժամկետներն այդպես էլ անորոշ են մնում: ՀՀ-ի հետ կապող այս երկրորդ ցամաքային ուղու վերակառուցումը էապես կավելացնի զբոսաշրջիկների թիվը, կխթանի Քարվաճառի շրջանի գյուղերի զարգացմանն ու շրջանի վերաբնակեցմանը, պատերազմից զգալիորեն տուժած Մարտակերտի շրջանի զարգացմանը: Այստեղի գյուղացիները երկուսուկես-երեք ժամում՝ Երևան, մինչև մեկ ժամում Վարդենիս կարող են հասցնել իրենց արտադրանքը:

Նոր հնարավորություններ կբացվեն զբոսաշրջության համար: Արցախի ամենագեղեցիկ շրջանի, բնապատկերներով հարուստ Քարվաճառի հիմնական մասը դուրս է մնում զբոսաշրջային ուղուց: Նոր ճանապարհի կառուցումը թույլ կտա Արցախ մուտք գործել հենց այս շրջանով, իսկ ճանապարհի ավելի կարճ և ոչ հոգնեցուցիչ լինելն ավելի կձգի զբոսաշրջիկներին:

Ժամանակն է, որ Արցախի կառավարությունը ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ հանդես գա արդյունավետ քայլերով: Ենթակառուցվածք կոչվածը բոլորովին էլ օդանավակայանի գեղեցիկ շենքը չէ, նրա վրա ծախսված միլիոնները չեն և ոչ էլ դեռևս ոչ մի ինքնաթիռ չընդունող անձնակազմը: Այն նախևառաջ երկրի տնտեսության զարգացումը երաշխավորող քայլ է, շատ համայնքների ու մարդկանց համար կյանքի ուղի՝ բառի բուն իմաստով:

Մեկնաբանել