Apple-ը մտադիր է «խելացի» ժամացույցներ արտադրել

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է զբաղվել բջջային ժամացույցների արտադրությամբ:

Չինական Tech.163 տեխնոլոգիական պորտալի հաղորդմամբ` Apple-ը էլեկտրատեխնիկա արտադրող ամերիկյան Intel ընկերության հետ համատեղ ձեռնամուխ է եղել iOS օպերացիոն համակարգով աշխատող «խելացի» ժամացույցների նախագծման աշխատանքներին:

Նշվում է, որ ժամացույցը Bluetooth-ի միջոցով հնարավոր կլինի միացնել Apple-ի մյուս սարքավորումներին: Միաժամանակ` ժամացույցներն օժտված կլինեն RiTDisplays ընկերության 1,5-դյույմանոց Pmoled էկրանով: Տեխնիկական մյուս չափորոշիչները դեռ հայտնի չեն:

Հատկանշական է, որ վերջին շրջանում այս արտադրանքները բավական մեծ տարածում ունեն: Ներկայում շուկայում առկա են համանման սարքեր, օրինակ` էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերության Smart Watch ժամացույցները կամ Pebble-ի «խելացի» ժամացույցները, որոնք բավական մեծ աղմուկ են բարձրացրել ԱՄՆ-ում` ստանալով մոտ $10 մլն-ի պատվեր: Նշենք, որ Pebble-ն ևս կարելի է համակցել iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների հետ:

Փորձագետների գնահատմամբ` Apple-ի շանսերը բավական մեծ են` այս ոլորտի առաջատարը դառնալու համար: Cnet-ի hաղորդմամբ` Apple-ի «խելացի» ժամացույցները շուկայում կհայտնվեն հաջոր տարվա առաջին կեսին:

Մեկնաբանել