Սիրիահայերի առջև սահմանի բացման ստորագրահավաքը Սպիտակ Տան կայքում է

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որով Բարաք Օբամային առաջարկվում էր կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը, արդեն տեղադրված է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում, ասված է Դ. Իոաննիսյանի տարածած հաղորդագրությունում:

Ըստ ԱՄՆ նախագահի վեբ-կայքի կանոնների, եթե նախաձեռնությունը մեկ ամսում 25 հազ. ձայն հավաքի, դրան պարտադիր կանդրադառնա Բարաք Օբաման:

Նախաձեռնությունը ստորագրում են ոչ միայն հայեր, այլև խիստ ոչ հայկական անուններ կրող մարդիկ, այդ թվում` նույնիսկ թուրքեր:

Երևանի Ժամանակով հունվարի 6-ին սկսված այս ստորագրահավաքին արդեն անդրադարձել են նաև թուրքական և ռուսական լրատվական կայքերը:

Հավելենք, որ ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է այցելել հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել sign this petition կոճակը:

Ստորագրահավաքին կարելի է հետևել այստեղ:

Ստորագրահավաքի կոչում մասնավորապես ասված է. «Մենք` Օբամայի ադմինիստրացիային ուղղված ստորագրահավաքի մասնակիցներս, խնդրում ենք` կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար:

Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:

500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից… Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա:

Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով:

Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ:

Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար:

Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (առնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:

21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»:

Մեկնաբանել