Աղքատներն այս տարի 4%-ով վատ կապրեն

Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և 2012թ. արձանագրված ՀՆԱ-ի շուրջ 7% աճը տալիս է իրական արդյունքները. այս տարի սոցիալական նպաստ ստացող անապահով ընտանիքները 4%-ով ավելի վատ կապրեն։ 2013-ին ինչպես նպաստառուների թիվը, այնպես էլ բազային նպաստի չափը կմնա 2012-ի մակարդակում։

Կառավարության այս տարվա առաջին նիստին՝ հունվարի 10-ին, նախատեսված է հաստատել «2013թ.-ի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Համաձայն փաստաթղթի՝ այս տարի թե՛ նպաստառուների թիվը, թե՛ բազային նպաստի չափը կմնա անցած տարվա մակարդակում։ 2013-ին պետբյուջեից ընտանեկան նպաստներին նախատեսված է հատկացնել նույնքան գումար, որքան 2012-ին՝ Դ37,124 մլրդ։ Անփոփոխ է նաև նպաստառուների թիվը՝ մոտ 105 հազ. (104685)։

Բացի այդ՝ նախատեսվում է, որ այս տարի 30,01-35 անապահովության միավոր ունեցող ընտանիքների բազային նպաստի չափը կկազմի Դ16 հազ. (որքան և 2012-ին էր)։ Հանգամանքը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ 2013-ի համար պետբյուջեով նախատեսված է 4±1,5% գնաճ։ Ստացվում է, որ իրականում նպաստառուների եկամուտների նվազում է տեղի ունենալու, քանի որ գնաճի արդյունքում նվազելու է Դ16 հազ-ի գնողունակությունը։

Ընտանեկան նպաստները հայաստանյան իրականության մեջ գոնե որոշակիորեն օգնում են անապահով ընտանիքներին դուրս գալ ծայրահեղ աղքատի կարգավիճակից։ Անցած տարի սպառողական զամբյուղը կազմել է Դ50,4 հազ., պարենային նվազագույն զամբյուղը՝ Դ28,5 հազ.։ Հասկանալի է, որ այս տարի, պայմանավորված գնաճով, թանկանալու է թե՛ սպառողական, թե՛ պարենային նվազագույն զամբյուղը։ Այդուհանդերձ, կառավարությունում շարունակում են կարծել, որ սոցիալապես անապահով ընտանիքները կարող են ապրել Դ16 հազ-ով։ Բազային նպաստ ստացող ընտանիքների թիվը Հայաստանում մոտ 53 հազ. է։

Մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչու 2012-ի 7% տնտեսական աճի պայմաններում այս տարի նպաստառուների թվի կրճատում տեղի չի ունեցել։ Պարզ չէ նաև նպաստի բազային չափը անփոփոխ թողնելու կառավարության մոտեցումը, հատկապես, եթե վերջինիս բարձրացման համար էական գումարներն չէին պահանջվելու։

Այսպես, այս տարի կառավարությունը նախատեսում է պետբյուջեի հարկային մուտքերի Դ118 մլրդ-ի աճ։ Նման գումարների առկայության պայմաններում գործադրին չի հաջողվել գտնել մոտ Դ2 մլրդ՝ ընտանեկան նպաստների բազային չափը ինդեքսացնելու համար։

Մեկնաբանել