Արմեն Մովսիսյանը խուսափեց լրագրողներից ու գազից

Ռուսական գազի գնի ուրվականը հետապնդում է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Անցած տարվա դեկտեմբերի 13-ին նախարարը լրագրողներին ասել էր, թե ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և Հայաստան առաքվող գազի գնի հարցը կհստակեցվի մինչև տարեվերջ։ Սակայն նախարարը ոչ միայն տարեվերջին, այլև այսօր հմտորեն խուսանավեց լրագրողներից։

Հունվարի 10-ին կառավարության նիստից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բավական երկար չէր իջնում գլխավոր մուտքի մոտ։ Նախարարը, ամենայն հավանականությամբ, փորձում էր խույս տալ իրեն սպասող լրագրողներից ու ոչ այնքան հաճելի հարցերից՝ ռուսական գազի գին, «Նաիրիտի» վերագործարկում, միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր և այլն։ Այս և մի շարք այլ հարցեր անցած տարի այդպես էլ չտրվեցին, երբ ավանդույթի համաձայն դեկտեմբերի 22-ին՝ էներգետիկի օրը, նախարարը լրագրողների հետ ամփոփելու էր տարին։ Այս անգամ Արմեն Մովսիսյանը մասնագիտական տոնը նախընտրեց նշել առանց լրատվամիջոցների։

Թեև այսօր լրագրողները հույս ունեին հարցեր ուղղել նախարարին, սակայն նիստի ավարտից մոտ կես ժամ հետո (նախարարը հավանաբար հույս ուներ, թե լրագրողներն արդեն հեռացած կլինեն) կառավարության շենքի գլխավոր մուտք իջնելիս, տեսնելով իրեն սպասող լրագրողներին, նա թեքեց ճանապարհը՝ ուղղվելով դեպի հետնամուտք։ Մեկ ժամ սպասելուց հետո նախարարն այդպես էլ դուրս չեկավ կառավարության շենքից։

Ինչու է նախարարը խուսափում լրագրողներից

Անցած տարի Հայաստանի համար թեև բարձրացել է ռուսական գազի գինը, նախարարը շարունակում է պնդել, որ այն մնացել է անփոփոխ՝ $180/1000 խմ։ Արմեն Մովսիսյանը դիրքերը չզիջեց անգամ այն բանից հետո, երբ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած վիճակագրական տվյալներից պարզ դարձավ, որ 2012-ի առաջին կիսամյակում ներկրված 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219, ինը ամիսներին՝ $225, երրորդ եռամսյակում՝ $244: Ուշագրավն այն է, որ ՊԵԿ-ին գազի գնի վերաբերյալ տվյալները տրամադրում է հենց էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։

Հայաստան առաքվող գազի գնի բարձրացումը թաքցնելը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններ ներքին սպառողների համար անփոփոխ է պահելու սակագինը։ Իսկ ձեռքբերման գնի ու սակագնի միջև տարբերությունը գործադիրը ֆինանսավորելու է սեփական միջոցների հաշվին, մասնավորապես, ռուսական «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասը՝ մոտ 10%-ը:

Մեկնաբանել