Դինքի սպանության գործը Թուրքիայի դատախազության պահանջով կվերանայվի

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի հանրապետական դատախազությունն աննախադեպ որոշում է կայացրել` չեղյալ հայտարարելով Դինքի գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանի դատավճիռը, հաղորդում է «Ակoսը»:

Գլխավոր դատախազության որոշման համաձայն` գործել է մի կառույց, որը նախօրոք մշակված ծրագրով կազմակերպել և իրականացրել է Դինքի սպանությունը: Փաստորեն, Թուրքիայի հանրապետական դատախազության այս որոշումից հետո Դինքի գործը պետք է վերանայվի, որի քննությունն արդեն ավարտվել է:

Հունվարի 10-ին թուրքական Vatan թերթը Դինքի գործով ուշագրավ տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն` Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպել է Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացիայի վարչությունը: Այս մասին ասված է եղել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից Մեջլիսի` Ռազմական հեղաշրջումներն ուսումնասիրող հանձնաժողովին ուղարկած փաստաթղթերում:

Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին` Ակոսի խմբագրատան առջև: 5 տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին` Դինքի մահվան տարելիցից երկու օր առաջ, հրապարակվեց դատավճիռը, ըստ որի` հանցանքը ահաբեկչական կազմակերպության ձեռքի գործը չէ, թեպետ դրան ընդդիմանում էր Դինքը ընտանիքը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու և կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, իսկ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։

Նշենք, որ այս տարի ևս հունվարի 19-ին Ստամբուլում կկազմակերպվի Դինքի հիշատակի արարողությունը:

Մեկնաբանել