Երևան-Վանաձոր երթուղու ուղեվարձի բարձրացումն անհիմն է. ՏՄՊՊՀ

Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիների ուղեվարձի բարձրացումը 1,2 հազ-ից 1,4 հազ. դրամի անհիմն է: Այսօրվա նիստում այսպիսի դիտարկում է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից այն մասին, որ նշված ուղղություններով երթևեկելու համար ստիպված են վճարել 200 դրամով ավելի, քանի որ ուղետոմսի արժեքը նախկին 1200-ի փոխարեն դարձել է 1400 դրամ: Այս մասին եղել են նաև հրապարակումներ մամուլում: Հիմք ընդունելով վերոնշյալները` հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևան-Վանաձոր-Երևան թիվ 403 երթուղին սպասարկող «Գասուռ» և Վանաձոր-Երևան-Վանաձոր թիվ 404 երթուղին սպասարկող «Ոսկեթև» ընկերությունների գործունեությունը` գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով:

Սակագնի փոփոխությունը ուղևորափոխադրողները պատճառաբանել են վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ: Սակայն ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի ձևավորման վրա ազդող որևէ գործոն էականորեն չի փոփոխվել:

Ինչպես հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, քանի որ խնդիրը առաջնահերթ գտնվում է տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ապա հանձնաժողովը ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու և նախկին գինը վերականգնելու` 1,4 հազ. դրամից 1,2 հազ. դրամ դարձնելու միջնորդությամբ:

Մեկնաբանել