2012-ը՝ ինչպես որ կար

2012 թ. Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղաշարժ չի եղել, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրա համար օբյեկտիվ պատճառներ են եղել: Այսպիսի կարծիքի է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որը հունվարի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած հանրային քննարկման հյուրն էր՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ միասին: Քննարկումը կազմակերպվել էր Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2012. ընտրության տարի» վերնագրված հինգերորդ տարեկան զեկույցի հրապարակման առթիվ:

Արզումանյանը ԼՂ կարգավորման գործում առաջընթաց չլինելու օբյեկտիվ գործոններ համարեց 2012թ. Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, երբ «ակնհայտ էր, որ այս տարածաշրջանի խնդիրները չեն լինելու նրանց օրակարգային հարցերը»: «Նույնը վերաբերում է տարածաշրջանի դերակատարներին: Վրաստանում եղան դարակազմիկ փոփոխոխություններ: Սխալ կլիներ սպասել, որ ԼՂ հակամարտության հարցում շատ լուրջ փոփոխություններ կլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և նրա հերոսացումը ավելի վտանգեց կարգավորման գործընթացը:

Արզումանյանի խոսքով՝ Հայաստանը դեռ դուրս չի եկել այդ հարվածի տակից: Բայցևայնպես, ԼՂ կարգավորման գործում առաջընթաց չկար նաև մինչև Սաֆարովի դեպքը:

Արզումանյանը փոփոխություն չի նկատում նաև հայ-թուրքական հարաբերություններում:

2012թ. Հայաստանի և հայության համար առավել ցավոտ խնդիրներից մեկը նա համարեց սիրիական ճգնաժամը և հայ համայնքի անվտանգությունը: «Մենք այս տարի տեսանք, որ մեր ամենաբարգավաճող համայնքներից մեկը՝ Սիրայի հայ համայնքը, վտանգի առջև հայտնվեց: Եղավ ռեակտիվ արձագանք, փորձեցինք օգնություն տրամադրել, բայց դա եղավ ոչ թե պետական իշխանությունների կողմից, այլ կուսակացությունների, անհատների… ով ինչով կարողանում է օգնում է մեր քույրերին և եղբայրներն: Մեկուսի զարգանալ հնարավոր չէ: Մեզանից հեռու գտնվող երկրում տեղի ունեցող գործողությունները կարող են իրենց անմիջական անդրադարձն ունենալ մեր երկրի թե´ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության վրա»,- ասաց նա:

Հովհաննես Իգիթյանն էլ, խոսելով Հայաստանի ներքին քաղաքականության մասին, ասաց, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվեց խորհրդարան, որն «անպիտան է և չիրականցրեց հանրության՝ ընտրություններից ունեցած ակնակլիքները»: Իգիթյանը կարծիքով՝ նախագահական առաջիկա ընտրությունները ձևական նշանակություն ունեն:

«Իհարկե, կան մարդիկ, որ լուրջ են վերաբերվում, առաջադրվել են, իրենց ծրագիրն են առաջարկում: Նրանք իրենց պահում են այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրի թկենածուն, բայց այս իրավիճակում, երբ հասարակությունը հիասթաված և պասիվ է, այս վարվելակերպը չի գնահատվում»,- ասաց ՀՀՇ ներկայացուցիչը՝ նշելով, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ 600-700 հազար ձայն կեղծվում է:

Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական Միություն

2012թ. Հայաստանում հասարակական-քաղաքական շրջանակներում ամենաշատ քննարկվող հարցերից մեկն այն էր, թե ի վերջո որ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը՝ եվրոպական ինտեգրմա՞ն, թե՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած Եվրասիական միության:

Ալեքսանդր Արզումանյանը կողմնակից է եվրոպական արժեհամակարգի ինտեգրմանը: Նա նշեց, որ Հայաստանի բոլոր երեք նախագահները եվրաինտեգրումը հռչակել են Հայաստանի առաջնային մոտեցումներից մեկը և քայլ առ քայլ ընթացել այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Եվրասիական միությունը ընդամենը գաղափար է, որ առաջ է քաշվել որպես Պուտինի նախընտրական ծրագրի թեզերից մեկը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը միանալուն, ապա նախկին արտգործնախարարի կարծիքով՝ այդ միության պայմանները հակասում են եվրաինտեգրման և Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի դրույթներին, և այդ հարցում հստակեցման կարիք կա:

«Եթե մենք ուզում ենք Եվրամիության հետ ազատ առևտրի և Ասոցացման համաձայանգիր ստորագրել, պետք է հրաժարվենք Մաքսային միությունից: Այստեղ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ մենք դեմ ենք ռուսներին: Հարցն այն է, թե մենք որ արժեհամակարգն ենք մեզ մոտ համարում, և պարտադիր չէ, որ դա Եվրոպայի հետ կապ ունենա: Ժողովրդավարական համակարգով պետություններ կարող են լինել Կանադայում, Ճապոնիայում, Իսրայելում և այլուր»,- ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև՝ ստեղծել մի պետություն, որը խարսխված է ազատական արժեհամակարգի վրա, կամ էլ շարունակել կիրառել մեզ համար սովորական դարձած ուժային պետության մոդելը, որն առաջարկում է Ռուսաստանը:

Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Հայաստանին որպես գործընկեր կարող են հարգել միայն այն դեպքում, երբ նա Ռուսաստանի հետ ստեղծի հավասարը-հավասարի դաշնակցային, այլ ոչ թե վասալային հարաբերություններ:

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց, թե տպավորությունն ունի, որ թե´ Հայաստանի հանրությունը, թե՛ Եվրոպան չեն հավատում, որ Հայաստանը գնում է դեպի եվրոպական արժեքային համակարգի ինտեգրում:

«Ռուսաստանը Հայաստանին նույնիսկ չի հարցնում՝ կընդգրիվի՞ [Եվրասիական] միության կազմում, թե՞ ոչ: Բոլորը համոզված են, որ հենց միությունը ստեղծվի, Հայաստանին կասեն Ռուսաստանից, և նա կանդամակցի»,- ասաց Իգիթյանը:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել