Մարաշ քաղաքից Թալիփ Բոզքուրթ անունով մի թուրք Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը (թուրքերը տաճարն անվանում են Ayasofya) մզկիթի վերածել: Թուրքիայի մեջլիսն ընդունել է առաջարկը, հարցը մտցրել օրակարգ, որից հետո էլ թուրքական հասարակության տարբեր շերտերում թեժ քննարկումներ են սկսվել։
Habervakti.com կայքը գրում է՝ ոչ մի արգելք չկա, որ Սուրբ Սոֆիան կրկին մզկիթ դառնա: Այն կարող է դուրս բերվել Թուրքիայի մշակույթի նախարարության վերահսկողությունից և հանձնվել Կրոնական գործերի նախագահությանը։
1935թ. Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը ստացավ թանգարանի կարգավիճակ. այժմ այն գործող թանգարան է: Թուրքիայում շատերը կարծում են, որ Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու գաղափարը պատկանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալին: Տաճարը կրկին մզկիթի վերածելու կողմնակիցները պնդում են, որ 1935թ. որոշումը ժամանակավոր էր: Բացի այդ՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու կողմնակիցների հիմնական կռվանն այն է, որ Սուրբ Սոֆիան երկար ժամանակ եղել է իսլամական աշխարհի նշանավոր մզկիթներից մեկը:
Թուրքիայում հայտնի Oda.tv կայքը գրում է, որ Թուրքիայում բավական երկար ժամանակ մի շարք կազմակերպություններ, որոնց թվում՝ Անատոլիայի երիտասարդների միությունը, պայքարում են Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու ուղղությամբ: Այս կազմակերպությունը 2012թ. հունիսին տաճարի առաջ բազմահավաք նամազ էր կազմակերպել, ինչպես նաև պահանջել թուրքական կառավարությունից այն կրկին մզկիթի վերածել: Նամազի մասնակիցները նշում էին, որ հունական Սումելա վանական համալիրը վերանորոգվել է, Աղթամարի վանքում պատարագ է տեղի ունեցել, իսկ իրենց թույլ չեն տալիս Սոֆիայի մզկիթում նամազ անել: Ընդ որում՝ նրանք մեջբերում էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքը, թե Ստամբուլում մի այնպիսի մզկիթ պիտի կառուցվի, որը երևա քաղաքի չորս կողմերից:
Հետաքրքիր է՝ ինչ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի մեջլիսն այս հարցում:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցել է Բյուզանդիայի կայսրը Հուստինիանոսը: Այն համարվում է արվեստի և ճարտարապետության գլուխգործոց, իսկ երբեմն անվանվում է աշխարհի 8-րդ հրաշալիք: 1453թ., օսմանյան սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կողմից Կ. Պոլսի նվաճումից հետո քրիստոնեական աշխարհի այդ նշանավոր տաճարը վերածվում է մզկիթի:
Հետաքրքիր է, որ հայկական աղբյուրների հաղորդմամբ՝ Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը վերականգնել է միջնադարի հայ նշանավոր ճարտարապետ Տրդատը: Սուրբ Սոֆիայի տաճարում, որպես համաքրիստոնեական եկեղեցու սուրբ, պատկերված է եղել նաև Գրիգոր Լուսավորիչը, որն այժմ չի պահպանվել: