Բրիտանական The Halo Trust կազմակերպությունը 2000-ից ի վեր ականազերծման աշխատանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ: Ներկայում կազմակերպությունը գումարային խնդիրներ ունի ականազերծման աշխատանքները նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս իրականացնելու համար: Իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է կազմակերպության՝ ԼՂ-ում ծրագրի ղեկավար Նիկ Սմարթի (Nick Smart) հետ: Հարցազրույցում Սմարթը նախկին ԼՂԻՄ տարածքն անվանում է «ավանդական Ղարաբաղ», իսկ դրանից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ «կանաչ տարածքներ»:
— Նիկ, ռազմական գործողությունները դադարում են, բայց ականների պայթյունից մարդկային զոհերը չեն դադարում: Դուք զբաղվում եք այդ ականները հեռացնելո՞վ:
— Այո՛, մենք չենք զբաղվում կոնֆերանսներ և այլն կազմակերպելով, այլ կատարում ենք բուն աշխատանքը՝ փորձելով գտնել հնարավորինս շատ մարդկանց՝ արդյունավետ և արագ կերպով հեռացնելու այդ ականները:
— Եվ ակնհայտորեն դուք Ղարաբաղում եք՝ Ղարաբաղի իշխանությունների «օրհնությամբ»։ Ո՞վ է կատարում բուն աշխատանքը:
— Մենք տեղական խնդիրների համար տեղական լուծումներ ունենք, որով Halo Trust-ը հպարտ է: Այսինքն՝ տեղացիներն են ներգրավվում աշխատանքներում: Ներկայում Ղարաբաղում ունենք 140-հոգանոց աշխատակազմ: Նրանց մեծ մասը պատերազմում կռված մարդիկ են, որոնք գիտեն ականապատված տարածքների, ռազմական գործողությունների տեղերը, և դա օգնում է մեզ: Կարևոր է նաև այն, որ քանի որ աշխատողները տեղացի են, նրանց ստացած աշխատավարձը վերադառնում է տեղական տնտեսություն: Սա հաղթանակ-հաղթանակ (win-win) իրավիճակ է բոլորի համար:
— Ինչպե՞ս է ընդունվում որոշումը ականազերծումը Ղարաբաղում կամ նրա անմիջական տարածքից դուրս իրականացնելու վերաբերյալ:
— Որպես հումանիտար կազմակերպություն՝ մենք ելնում ենք մարդասիրական անհրաժեշտությունից: Ղարաբաղի վերաբերյալ, սակայն, կան քաղաքական խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնենք: Ներկայում մեր հիմնական հովանավորը ԱՄՆ-ի ՄԶԳ-ն է, որի պահանջով ականազերծումը իրականացնում ենք միայն ավանդական Ղարաբաղում:
— Այսինքն՝ դրանից դուրս չե՞ք կարող ծախսել ԱՄՆ-ի ՄԶԳ գումարը:
— Բացարձակապես ո՛չ:
— Այդ դեպքում որտեղի՞ց եք հայթայթում գումարի մյուս մասը:
— Մենք ունենք մեկ մասնավոր հովանավոր՝ բրիտանական «Ռիս» հիմնադրամը, որը ֆինանսավորում է ականազերծող և պայթուցիկների ճիշտ հեռացման թիմերի աշխատանքը: Օրինակ՝ եթե որևէ մեկը, որ բնակվում է «կանաչ տարածքում» և իր այգում ական է գտնում, մենք կարող ենք մասնագետ ուղարկել՝ զբաղվելու այդ հարցով:
— Ի՞նչ է «կանաչ տարածքը»:
— «Կանաչ տարածքը» չեզոք եզր է, որով բնորոշում ենք ավանդական Ղարաբաղից դուրս գտնվող հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները:
— Փաստորեն ձեր ամենամեծ հովանավորը ԱՄՆ-ի ՄԶԳ-ն է, որը ֆինանսավորում է աշխատանքները միայն նախկին ԼՂԻՄ տարածքում, մինչդեռ ձեզ գումարներ են անհրաժեշտ նաև «կանաչ տարածքները» ականազերծելու համար:
— Այս տասներկու տարվա ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք կատարել, և ծրագրի ավարտին չորս-հինգ տարի է մնացել ավանդական Ղարաբաղում: Սակայն խնդրի մեծ մասն այժմ այդ «կանաչ տարածքներում» է: Հիմա այդտեղ ունենք ընդամենը ութ հոգուց բաղկացած աշխատող մի թիմ: Այդ ռեսուրսով ութսուն տարի կպահանջվի այդ տարածքներն ականազերծելու համար: Եթե ունենանք նման ութ թիմ, աշխատանքները կտևեն ութ տարի, քսան թիմի դեպքում՝ չորս տարի, և այդպես շարունակ: Բնականաբար, որքան մեծ լինի գումարը, այնքան մեծ կլինի մեր ներուժը, և, բնականաբար, ավելի շուտ ականազերծման խնդիրը կլուծենք:
— Հնարավո՞ր է, որ մի օր Halo Trust-ը որոշի այլևս չաշխատել Ղարաբաղում: Արդյոք մենք պե՞տք է աշխատենք կազմակերպության հետ ամենաբարձր մակարդակում, հայտնենք մեր շնորհակալությունը, լոբբինգ անենք այդ կազմակերպության համար և այլն:
— Աջակցությունը բնականաբար ցանկալի է: Սակայն երբ գումարը վերջանա, Ղարաբաղը «լքվող» երկրների ցուցակում չէ: Halo Trust-ը ֆինանսավորում կգտնի՝ լրացնելու պակասորդը: Նման խնդիրներ ունեցել ենք վերջին ժամանակներում, բայց չենք լքի երկիրը հենց միայն այն պատճառով, որ գումարը վերջանում է: Իհարկե, մեզ վրա մեծ ծանրաբեռվածություն է Ղարաբաղի համար ֆինանսավորում գտնելը, քանի որ կա սառած հակամարտություն: Եվ «կանաչ տարածքների» համար գումար հայթայթելն ավելի դժվար է:
— Halo Trust-ը Ադրբեջանում աշխատո՞ւմ է:
— Ո՛չ:
— Պատճառ կա՞:
— Ինչպես ասեմ… մենք այնտեղ չենք աշխատում, քանի որ Ադրբեջանն ունի իր կազմակերպությունները, որոնք հաջող զբաղվում են այդ գործով: Ադրբեջանը ակտիվ լոբբինգ է անում Halo Trust-ի՝ Ղարաբաղում ներգրավվածության դեմ, քանի որ մեզ ընկալում է որպես օկուպացված տարածքներում աշխատող կազմակերպություն:
— Փաստորեն, Halo Trust-ը «կանաչ տարածքներում» աշխատում է միայն մասնավոր ոչ մեծ բարեգործություններով:
— Այո՛, և դժբախտաբար հենց այդ տարածքների համար է մեզ գումար հարկավոր, հատկապես Լաչինի շուրջ ականազերծման աշխատանքներ կազմակերպելու համար:
Զրուցել է Սալբի Ղազարյանը
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Civilnet.am կայքում: