ԵՄ-ն մտահագություն է հայտնել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների ձերբակալության հարցով

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը ու Ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իրենց մտահագությունն են հայտնել Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի ձերբակալության առնչությամբ, հաղորդում է contact.az-ը:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվին կոչ են արել ապահովել արագ, արդար և թափանցիկ հետաքննություն՝ զերծ մնալով հետագա խոչընդոտների ստեղծումից լրագրողների և քաղաքական ակտիվիստների համար, որոնք ձգտում են իրացնել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Էշթոնը և Ֆյուլեն կոչ են արել նաև վերանայել մեղադրանքները, ինչպես նաև ձերբակալվածների համար պատշաճ պայմաններ երաշխավորել:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր երկու գործիչները ձերբակալվել են փետրվարի 4-ին և մեղադրվում են հասարակական կարգը խանգարող միջոցառումների կազմակերպման, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, բռնություն կիրառելու հոդվածներով՝ հունվարի 24-ին Իսմայիլիում տեղի ունեցած անկարգությունների շրջանակում: Մեղքը ապացուցվելու դեպքում երկու գործիչներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Էշթոնի և Ֆյուլեի հայտարարությունը գնահատում է որպես ճնշում նախաքննության վրա և անընդունելի է համարում նման միջամտությւոնը հետաքննությանը:

Ըստ Աբդուլաևի՝ Բաքուն նման մոտեցումը ոչ օբյեկտիվ և անարդար է համարում:

Ուշագրավ է, որ Մամեդովի և Յագուբլուի գործով դատական նիստին արգելվել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիայի մասնակցությունը:

Մեկնաբանել