Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Սերժ Սարգսյանի՝ ընտրախախտումով փակցված պաստառը

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պոկել է բժշկական կենտրոնում փակցված Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառը. այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանն օրինակ է ծառայել. թե ինչ է պետք անել ընտրախախտումների դեպքում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հովհաննիսյանը ամիսներ շարունակ դիմել է իշխանություններին, երկու նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ նշելով, որ օրենքի համաձայն թեկնածուների պաստառները չպիտի փակցվեն հանրային սեփականություն հանդիսացող կառույցների՝ քաղաքապետարանների, գյուղապետարանների, նաև բուժկենտրոնների մուտքերում, պատերին: «Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորել է, որ թույլ չտրվեն նման խախտումներ՝ թեկնածուների կուսակցությունների խորհրդանիշերն ու պատկերանշանները չփակցվեն կամ հեռացվեն հանրային սեփականություն հանդիսացող շենքերի և կառույցների վրայից, մենք հասցեներով նշել ենք նման խախտումների բազմաթիվ դեպքեր, գործող նախագահի պաստառները փակցված են հանրային վայրերում: Սակայն պարոն Հովհաննիսյանի բոլոր այդ ահազանգերից հետո մինչ օրս, երբ արդեն ավարտվում է ընտրապայքարը, այդպես էլ չտեսանք, որ իշխանությունները հրահանգեին հեռացնել այդ պաստառները, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի պատրաստվում կատարել իր գործառույթները»,- ասաց նա:

Ըստ Խուրշուդյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կպոկեր այդ պաստառը, նաև այն դեպքում, թե դա իրենը լիներ: «Վեդիում գյուղապետը, չիմանալով օրենքը, այդ նպատակի համար հատկացրել էր գյուղապետարանի պատը, Րաֆֆի Հովհաննիսյանն այդտեղից պոկեց իր պաստառը»,- հիշեցրեց խոսնակը:

Մեկնաբանել