Նախկինում կեղծվում էին ընտրությունները, հիմա՝ ընտրության ինստիտուտը. Ա.Սաքունց

«Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակում այսօր քննարկվեցին Հայաստանում ընտրական իրավունքի կիրառման խնդիրները: Մասնակցում էին հայտնի իրավապաշտպաններ:

«Նախորդ ընտրություններում լարված-թշնամական իրավիճակ էր, հիմա հումորային-զավեշտային. ո՞րն է ավելի վատ» հարցին անդրադառնալով՝ Արթուր Սաքունցն ասաց. «Եթե նախորդ ընտրություններում մենք կարող էինք խոսել ընտրությունների կեղծման մասին, ապա հիմա կեղծված է ընտրության ինստիտուտը: Եթե առաջ խոսում էինք ընտրության արդյունքների կեղծման մասին, ապա հիմա կեղծվում է ընտրությունը՝ որպես ինստիտուտ, ընտրությունը վերացել է»:

«Ըստ էության, Հայաստանում ընտրությունները միշտ եղել են պատերազմ երկու թշնամի ճակատների միջև, միշտ հաղթել է իշխանությունը, հետո բանտերը լցրել քաղբանտարկյալներով, հիմա նոր իրավիճակ է: Այս ընտրությունները ոչ ազատ են, ոչ արդար են, ոչ էլ մրցակցային: Սակայն եթե համեմատենք՝ թե այն դեպքում եղել է արյունահեղություն, հիմա չկա արյունահեղություն, ապա ստիպում եք ասել, որ սա է լավ: Բայց իրականում սրանք անհամեմատելի են»,- նշեց Վարդան Հարությունյանը:

«Որևէ մեկը չի կարող ասել, որ մարդ սպանելը լավ բան է,- նշեց Ավետիք Իշխանյանը,- բայց եթե այսպես շարունակենք, գուցե ասեք՝ մեկը տաս տարի լինի նախագահ, որոշի, թե իրենից հետո ով է լինելու նախագահ, էդ մեկը լինի նախագահ, ու էլ էսքան գումարներ չծախսվեն նախընտրական քարոզների համար»: Իշխանյանը հիշեցրեց, որ միշտ ընտրությունները զուգակցվել են սուր բանավեճերով ու բախումներով, իսկ հիմա այդ ամենը չկա, սակայն այս «թվացյալ կիրթ քարոզարշավը չի բնորոշում այն իրավիճակը, որ իրականում կա»:

Անդրադառնալով խոսքի ազատությանը հեռուստատեսություններում՝ Ա.Սաքունցը նշեց, որ իրավապաշտպաններին եթեր չի տալիս հանրային հեռուստատեսությունը, որը սնվում է հարկատուների գումարներով, և պարտավոր է ձայնի իրավունք տալ:

«Հիմա լուրջ խնդիր է բանավեճ չլինելու խնդիրը: Մի կողմից չկա դեբատը իշխանության հետ, բայց մյուս կողմից էլ չկա դեբատի մշակույթ հենց ընդդիմության մեջ: Հեռուստատեսություններին տրված այս խոսքի ազատությունը իշխանության կողմից թույլատրված իրավիճակ է»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ հավաստելով, որ իրական խոսքի ազատության մասին խոսելու հիմք կլինի, եթե ընտրությունների ավարտից հետո էլ այս իրավիճակը պահպանվի:

Ընտրախախտումներին անդրադառնալով՝ Սաքունցը պատմեց նաև մի նոր ընտրական անեկդոտ. «Գալիս է Սերժ Սարգսյանի մոտ Մուկուչյանը: Ասում է՝ մի լավ լուր ունեմ ու մի վատ: Ասում է՝ լավն ասա: Ասում է՝ 68 տոկոս եք հավաքել: Ասում է՝ վատն ասա: Ասում է՝ ոչ մի ձայն չեք ստացել»: Ամփոփելով՝ Սաքունցը նշեց, որ նույնիսկ «իրենք չեն հավատում», թե իրենց ընտրող կլինի, «բայց պիտի կեղծեն, պիտի էդքան կեղծեն»:

«2008թ-ին Գյումրիում էի դիտորդություն իրականացնում, իմ աչքի առաջ ընտրակաշառք էին բաժանում, ասացի «Գալա», «Ցայգ» հեռուստաընկերություններին, գնացին, պարզ նկարեցին, ցուցադրվեց, բայց ոչ մի պատժվող չեղավ»,- պատմեց Ավետիք Իշխանյանը: Ըստ նրա՝ ընտրակաշառքի 10 առաջարկից 8-ն ընդունվում է, մյուս 2-ն էլ սովորաբար չեն հայտնում այդ առաջարկի մասին, քանի որ արդարադատության համակարգի կողմից իրենց անձի ու սոցիալական վիճակի պաշտպանության նկատմամբ վստահություն չունեն: «Ես իրավապաշտպան եմ, գիտեմ ընտրախախտումի մասին, բայց չեմ կարող էդ մարդու անունը տալ, քանի որ գիտեմ մեր արդարադատության համակարգի մասին, գիտեմ, որ նրա անվտանգությունը չեմ կարող երաշխավորել, որ նա չի զրկվի իր, ասենք, 70 հազար դրամ աշխատավարձից»: Իշխանյանը նշեց, որ այսօր ուսուցիչները գիտեն համակարգային խախտումների մասին, բայց չեն հայտնում դրանց մասին, և դրա հիմնական պատճառն այն է, որ չկա անկախ արհմիություն, որը կպաշտպաներ այդ մասնագետների իրավունքները:

Արթուր Սաքունցը պատրաստվում է գնալ ընտրության, և կոչ է անում գնալ ընտրության և քվեարկել «բոլորի օգտին», բացի Սերժ Սարգսյանից, ով ստեղծել է այս իրավիճակը: Վարդան Հարությունյանը պատրաստվում է գնալ ընտրության և անվավեր դարձնել իր քվեաթերթիկը: Միկա Դանիելյանը պատրաստվում է գնալ ընտրատեղամասի փակումից րոպեներ առաջ՝ ստուգելու արդյո՞ք իր փոխարեն ստորագրված չէ:

Մեկնաբանել