Հաղթել է ժողովուրդը. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ առավելություն է ունեցել 4/11, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06 և այլ՝ 42 ընտրատեղամասերում: Այս մասին նշեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասուլիսում:

«Այս տվյալները բավական դժվարությամբ ենք ձեռք բերում, քանի որ մենք ունենք տեղեկատվություն, որ ամենաբարձր ատյաններից հրահանգներ կան, որ այն տեղամասերում, ուր հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, առայժմ չտրամադրեն տվյալները: Երկրորդ ամենամեծ կեղծումն էլ այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն հաշվվում, անվավեր են դարձվում:

Ունենք տվյալներ, որ օրինակ, 600 քվեաթերթիկ գողացվել է 6/16-ից, գողացվել են քվեաթերթեիկների տրցակները և հետո վերադարձվել են:

Զեյթունի 3/25 տեղամասում մինչև այժմ չի բացվել քվեատուփը:

Ջրաշենի 29/34 տեղամասում 60 քվեաթերթիկ անվավեր են դարձրել, դիտորդները բողոքել են, ոստիկանություն են կանչել:

35/10 տեղամասում մենք թվերը ստացել էինք, որ 50 ձայնով ավել է, մի ժամ հետո տեղեկություն է եկել, որ այդ նույն 50 ձայնը ավել է Սերժ Սարգսյանի օգտին 454/494 տարբերությամբ:

Մենք արդեն առավոտյան խախտումների հետ կապված ներկայացրել ենք փաստերը: Հետագա ժամերին ավելացել են ահազանգերը, որ մեր հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ ու սպառնալիքներ են եղել, փորձել են կաշառել՝ պայմանավորվելու համար, որ գոնե 50/50 լինեն ձայները: Մալաթիա-Սեբաստիայում Սամվել Ալեքսանյանի մարդիկ սպառնացել են մեր աղջիկներին, որ եթե արձանագրվեն լցոնման խախտումները, ապա կվերացնեն նրանց ընտանիքներին: Ստիպված ենք եղել ուղարկել շրջիկ խումբ: Կողքի տեղամասում նույնը եղել է, ցավոք, մեր վստահված անձը տեղի է տվել և չի համաձայնել, որ արձանագրվեն լցոնում-խախտումները»,- նշեց Խուրշուդյանը:

Ասուլիսին ելութ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հայ ժողովուրդը նշում է այս շրջանի առաջին հաղթանակը: Ես հարգում եմ մեր բոլոր մրցակիցներին և նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն հենց ինքն է 20 տարվա ընթացքում առաջին նախագահը, որ պիտի ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: Ոչ թե Րաֆֆին հաղթել, և Սերժ Սարգսյանը պարտվել է, այլ՝ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին է այսօր խոսում՝ շատ հստակ է խոսում՝ Գյումրիում, մայրաքաղաքում, Վանաձորում, գյուղերում, որ սա մեր հաղթանակն է: Սերժ Սարգսյանն այն մարդն է, որ կարող է ընդունել, որ Հայաստանն արժանի է դե յուրե նախագահության: Ժողովուրդը խոսել է և քվեարկել է: Նախագահի թեկնածու լինի, գնդապետ, թե շտաբի պետ, ով խեղում է Հայաստանի քաղաքցու ձայնը, պատասխան է տալու: Ով սպառնա որևէ ընտանիքի, որևէ հայ մարդու կամ զինվորի, պատասխան է տալու՝ օլիգարխ լինի, թե հերոս»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը`փետրվարի 19-ին ժամը 17:00-ին, բոլորին հրավիրեց Ազատության հրապարակ հանրահավաքի:

Մեկնաբանել