Հաքերները հարձակվել են նաև Apple-ի և Facebook-ի վրա

Այս օրերին հաքերային հարձակումները Apple և Facebook ընկերություններում աշխատող մարդկանց համակարգիչների վրա իրականացվել են Արևելյան Եվրոպայից, իսկ դրանց կազմակերպիչների գործողություններն ուղղված են եղել ընկերությունների կորպորատիվ գաղտնիքների ստացմանը, հաղորդում է Bloomberg-ը:

Apple ընկերությունն իր աշխատակիցների համակարգիչների վրա հարձակումների մասին տեղեկացրել է փետրվարի 20-ին, իսկ անցյալ ուրբաթ նման հարձակումների մասին հայտնել է Facebook սոցցանցի ղեկավարությունը:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ երկու հաքերային հարձակումների ժամանակ օգտագործվել են համակարգիչների ծրագրերի կոտրման միանման մեխանիզմներ: Bloomberg-ի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունները` հավելելով, որ հարձակումն իրականացվել է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից` կորպորատիվ լրտեսության կազմակերպման նպատակով: Մինչ այս տեսակետի հանդես գալը՝ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հարձակումներն իրականացվում են չինացի հաքերների կողմից:

Apple-ն ու Facebook-ը հաղորդել են, որ լուր չունեն որևէ թանկարժեք տեղեկության հափշտակման մասին: Նշենք, որ փետրվարի սկզբին Twitter սոցցանցի անվտանգության ծառայությունն արձանագրել էր հաքերային մի շարք հարձակումներ սոցցանցի վրա, որոնք իրականացվել են նույն չարագործների կողմից․ փորձել են ստանալ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները:

Մեկնաբանել