Իշխանափոխության տեխնիկական «պարամետրերը»

1996-ից մինչև այսօր նախագահի բոլոր ընտրություններում ընդդիմությունը բովանդակային առումով հաղթել է իշխանության թեկնածուին կամ գործող նախագահին: Այսինքն, ընդդիմության հաղթանակը բովանդակային առումով կասկածի տեղ չի թողել: Տեխնիկական առումով ընդդիմության հաղթանակի զինանոցը միշտ եղել է շատ աղքատ և այսօր էլ այդպես է:

Բոլոր ընդդիմությունները վախեցել են հակաօրինական քայլերից, վախեցել են արյունից: 1996-ին Վազգեն Մանուկյանը փախավ մի քանի կրակոցից, որոնք Ազգային ժողովի ճաղերը տապալած հանրահավաքավորների ուղղությամբ չէին: Եվ այլևս պարոն Մանուկյանը չշարունակեց պայքարը: 1998-ին Կարեն Դեմիրճյանն ընդհանրապես փորձ չարեց անհնազանդության պաշտոնական արդյունքների նկատմամբ: 2003-ին Ստեփան Դեմիրճյանը կատարեց մի կարևոր քայլ՝ իր կողմնակիցներին առաջնորդեց նախագահական, ընդ որում՝ փակելով Բաղրամյան փողոցի երթևեկությունը: Սակայն կանգ առավ Բաղրամյան փողոցի լայնքով դրված փշալարերի առջև: Պայքարն այդքանով ավարտվեց: Իշխանությունը պարզապես ցրեց հանրահավաքը: Նույնը արեց 2004-ին: Ընդդիմությանը ցրեցին հատուկ ջոկատայինները 2008-ի մարտի 1-ին բնորոշ մեթոդներով, սակայն առանց զոհերի: Դա հանրահավաքներ ցրելու մեթոդի յուրօրինակ ջրբաժան էր 1996-ի սեպտեմբերի 25-ի և 2008-ի մարտի 1-ի միջև:

2008-ի փետրվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ գրեթե ամբողջ Հայաստանը Ազատության հրապարակում էր՝ հարակից փողոցներով հանդերձ, կատարեց մեծագույն սխալը: Նա Հայաստանը բանտարկեց Ազատության հրապարակում: Այնուամենայնիվ, նույնիսկ այդպիսի սխալը իշխանափոխությանն օգնող ինչ-որ գործողությունների չխանգարեց, իշխանության մարմինները շարունակում էին հրաժարական ներկայացնել, որոշ հանրապետական պատգամավորներ կանգնում էին ընդդիմության առաջնորդի կողմը, հանրահավաքավորները լոկալ երթեր էին անում մայրաքաղաքի փողոցներով և վերադառնում իրենց «բանտը»՝ Ազատության հրապարակ: Եվ պատահական չէ, որ երբ դու՝ իշխանության համար անվերապահ հանցագործդ, կոնկրետացնում ես քո գտնվելու վայրը, երբ դու տեսանելի ես, ավելին՝ կանխատեսելի, երբ ինքը տեսնում է, որ դու ուրիշ ոչինչ մտադիր չես ձեռնարկել, երբ հասկանում է, որ քո հանձնվելը և իր հարձակվելը նույն գործողության տարբեր դեմքերն են, ինքը բնականաբար անում է իրեն հայտնի քայլը՝ հարձակվում է: Հատկապես, երբ իշխանությունը ԵՊՀ-ում ակնարկել էր, որ հարձակվելու է:

2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ չի քայլում նախկին ընդդիմադիրների ճանապարհներից ոչ մեկով: Այսինքն, նրա արածներն ընդհանրապես իշխանափոխության ակնարկ անգամ չեն կրում: Դաշնակցությունից ու Նիկոլ Փաշինյանից բացի՝ ոչ ոք նրան չի միացել, իշխանության հրաժարականներն առայժմ նրան չեն վերաբերվում, մարդիկ պարզապես իրենց վատ կատարած աշխատանքի դիմաց են վճարում; Ընդդիմության այսօրվա առաջնորդը նախ մյուսների նման հայտարարում է՝ ամեն ինչ լինելու է սահմանադրական եղանակով, երկրորդ, ամեն օր ժողովրդին ուղարկում է տուն՝ ի տարբերություն 2008-ի, երբ Հայաստանը մի Ազատության հրապարակ էր: Ինչպես բոլոր ընտրություններում, այս դեպքում էլ ընդդիմության առաջնորդի կարևոր ձախողումներն արվել են իրենից անկախ, դիտորդներն ընտրությունները գնահատել են մեկ քայլ առաջ, իսկ պետությունների ղեկավարներն արդեն շնորհավորել են «հաղթած» թեկնածուին: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը: Մի սխալն արդեն նա արել է՝ նա իր կողմնակիցներից ազատել է Ազատության հրապարակը, հատուկ ջոկատները ցանկացած պահի կարող են շրջափակել այն: Հատուկ ջոկատայինները դա կարող են անել ցանկացած այլ հրապարակի կամ ամբիոնի դեպքում, որտեղ կհավակնի «իշխանափոխություն» անել Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն մարզեր այցելելը և անձամբ ժողովրդին Երևան բերելը կարևոր քայլ է:

Մյուս քայլը՝ հասնել նրան, որ սկսվեն համընդհանուր դասադուլներ, շրջափակել իշխանության մարմինները: Ասենք, ԿԸՀ մտնող պաշտոնյան օրերով այնտեղից դուրս գալու հնարավորություն չունենա, նույնը կառավարության և այլ պետական կառույցներին է վերաբերում: Հասնել Հանրային հեռուստաընկերությամբ հանրահավաքները ուղիղ եթերում ցուցադրելուն: Սրանք բոլորը օրենքով արգելված չեն գլխավոր ապօրինության դիմաց՝ կեղծվել են ընտրությունները: Եվ, քանի որ ընդդիմությունը բարեբախտաբար մտադիր չէ արյուն թափել, պետք է կատարի հուսահատությամբ թելադրված անարյուն գործողություններ: Պետք չէ գրավել «հեռագրակայանները, փոստը և հեռուստատեսությունը», ինչպես կպահանջեին և կանեին բոլշևիկները: Հանրահավաքների ձևաչափը Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վերափոխի գործուն անհնազանդության ձևաչափի: Իշխանությունը պետք է հասկանա, որ պետությունն իբրև օրգանիզմ, այլևս չի մարսում կեղծված ընտրությունների «լեգիտիմությունը»: Սրանք իշխանափոխության ամբողջ զինապահեստը չեն: Եվ, ըստ իս, այս զինապահեստն իր ամբողջ արսենալով հողին կհավասարվի, եթե թեկուզ թյուրիմացաբար իշխանությունը օդ կրակի:

Մեկնաբանել