ԿԸՀ-ն մերժեց Ս. Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը՝ անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը, և 7 կողմ, 0 դեմ ձայնով մերժեց դիմումը՝ վկայակոչելով Ընտրական օրենսգիրքը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշման նախագիծը ներկայացնելով` հայտնեց հանձնաժողովի որոշման հիմնավորումները: Նրա խոսքով` թեկնածուին գրանցումից զրկելը ծայրահեղ միջոց է, և դրան պետք է դիմել միայն այն ժամանակ, երբ «խախտումների թողած հետևանքներն անդառնալի են» և էապես ազդել են ընտրության արդյունքների վրա:

Արմեն Մարտիրոսյանի դիմումի համաձայն` նախընտրական քարոզչության համար տարածքների վարձակալության, տպագրական ծախսերի մասին Սերժ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում 10%-ով պակաս էր նշված ծախսերի թիվը։

ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում` ուժի մեջ մտնելուց հետո օրացուցային երեք օրվա ընթացքում:

Մեկնաբանել