Պահանջում եմ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պարզաբանել միջադեպը. ԵՊՀ դասախոս

Երևանի պետական համալսարանի դասախոս Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է այսօր ԵՊՀ-ի բակում դասադուլավոր երիտասարդների հասցեին հեգնական արտահայտություններ անողների և կռվի պատրաստություն տեսնող պաշտոնյաների և ուսանողների գործողությունները: Իր Facebook-ի էջում նա գործընկերներին կոչ է արել իր հետ միասին պահանջել պատիժ նման անընդունելի վարքագծի համար.

«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են Մայր ԲՈՒՀ-ի հեղինակությունը:

Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ-ի բակում ոստիկանների կազմած պատի երկու կողմերում էին մնացել դասադուլավոր ուսանողները և դասադուլի դեմ դուրս եկած ուսանողներն ու ԵՊՀ-ի պաշտոնյաները: Մասնավորապես, տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես պատմաբան Գևորգ Մելքոնյանը ակտիվիստներին հեռանալու ցուցումներ տալուց հետո ցածրաձայն պատվիրում է «զորքը՝ ախալքալակցիներին առաջ» բերել, իսկ մեկ այլ ուսանող ակտիվիստների՝ միասնության կոչերին և «մենք ձեզ սիրում ենք» արտահայտությանն ի պատասխան ասում է. «Մենք էլ ձեզ ենք սիրում, հատկապես աղջիկներին»:

Նշենք, որ սոցիալական ցանցերում վերջին ժամերին շրջանառվում էր Գևորգ Մելքոնյանին պատժելու (պաշտոնից ազատելու) առաջարկը: «Իմ կարծիքով, ԵՊՀ ռեկտորի օգնականը պետք է հրաժարական տա, գնա բանակ ու այնտեղ զորքեր շարժի տուդա-սյուդա: Եթե ցանկանա: Կամ գնա Ախալքալաք ու այնտեղ զորք հավաքելով զբաղվի: Չախալյանը կողքին լինի: Ախալքալաքցիների դարդուցավով Ախալքալաքում տապակվի»,- իր էջում գրառել էր բլոգեր Տիգրան Քոչարյանը, նրա հետ համակարծիք էին շատերը:

Գևորգ Մելքոնյանն այդ դիտարկումներին ի պատասխան գրել է. «Նախ քննադատելու համար հարկավոր է տեսնել իրական ձայնագրությունը, ոչ թե կտրված հատվածներ:

1. Երբ ասել եմ զորքերը բերեք առաջ, ապա ի նկատի եմ ունեցել ոստիկանությանը, որպեսզի թույլ չտանք, որպեսզի հրմշտոցը շարունակվի:

2. Երբ ասեցի Ախալքալակի ուսանողներին բերեք առաջ, ապա դա ասել եմ, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի, քանի որ մի քանի դասադուլավորների, որոնք մնացել էին ԵՊՀ կենտրոնական մանսաշենքի դիմաց, չշարունակվի:

Ցավում եմ, որ իմ բոլոր ջանքերը, որ թույլ չտվեցի վիճաբանություն լինի այսպես են գնահատում ոչ թե ընդդիմադիր երիտասարդները, որոնց հետ եղել եմ ու կլինեմ քաղաքակիրթ, քանի որ նրանց համարում եմ իմ եղբայրներն ու քույրերը’ անկախ իրենց քաղաքական հայացքներից, այլ մարդիկ, որոնք դեպքերից տեղյակ չեն: պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյան»:

Մեկնաբանել