Փակ շուկային վտանգավոր վախճան է սպասվում. Ճարտարապետների միության նախագահ

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի Փակ շուկայում, մշակութային վանդալիզմ է: Այս մասին այսօր Հայաստանի ճարտարապետության միությունում հայտարարեցին կլոր սեղանի մասնակիցները:

«Մենք որևէ ուշադրություն պետության կողմից մեր ժառանգության նկատմամբ չենք տեսնում: Քանդելը շատ ավելի տեղին է, քան շինարարական աշխատանքները, որոնք առանց հստակ նախագծի են կատարվում»,- ասաց Հայաստանի ճարտարապետության միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ նման գործընթացները սովորաբար վտանգավոր վախճան են ունենում:

Ճարտարապետ Սասուն Քալաշյանը կարծում է, որ օրենսդրական դաշտը բավարար չէ նման շարժումներին դիմակայելու համար:

«Տպավորություն է, որ այս ոլորտը չորս-հինգ հոգի վերցրել են իրենց ձեռքը, և նույնիսկ պետական մարմինները շատ անգամ անզոր են դիմակայելու, թեև որոշ փորձեր արվում են»,-ասաց Քալաշյանը՝ նշելով, որ իրենք ստորագրահավաքներով բազմիցս դիմել են տարբեր ատյանների, բայց մինչ օրս որևէ դրական փոփոխություն չկա: Միայն քաղաքապետարանից են պատասխան ստացել, որը Քալաշյանն ասաց, որ ամաչում է ընթերցել:

ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով` օրենսդրության շրջանակում կան նմանատիպ խնդիրները կարգավորող ընթացակարգեր, սակայն «կան անձեր, որոնց շահը երկրի և պետության շահից ավելի բարձր է»:

«Մեր քաղաքային մշակույթը չի ձևավորվում և վերածվում է անձերի շահերի բախման կենտրոնի: Այսպես վարվում են գաղութային երկրներում: Պետությունը հագուրդ է տալիս մի քանի գաղութարարների մասնավոր շահերին»,- ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իսկ ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ կոչ արեց անհնազանդություն դրսևորել՝ համարելով, որ դա խնդրի լուծման միակ ձևն է:

Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը նշեց, որ Փակ շուկայի խնդիրը Մշակույթի նախարարության պահանջով ներկայացվել է տարբեր ատյանների:

«Նախագիծ է ներկայացվել, որն այժմ մասնագիտական քննարկման փուլում է: Եթե նախագիծը հաստատվի, պիտի վերակառուցողական աշխատանքներ տարվեն, վերականգնվեն շուկայի կամարները»,- ասաց մշակույթի փոխնախարարը՝ հավելելով, որ այն, ինչ արվել է շուկայի ստորգետնյա հատվածում, թույլտվությամբ է կատարվել, իսկ վերգետնյա հատվածն ապօրինաբար է կառուցված:

Անդրադառնալով ԱԳՆ շենքի աճուրդին՝ ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե արդյոք հնարավոր է մշակութային արժեք համարվող կառույցներում իրականացել հյուրանոցային կամ այլ տեսակի ծառայություններ:

«Փաստորեն, գույքը վաճառելու հետ մեկտեղ վաճառվում է նաև հուշարձանը փոփոխելու թույլտվությունը, որն օրենքով չի թույլատրվում»,- նշեց ճարտարապետը:

Արևիկ Սամուելյանը, իր հերթին, հավաստիացրեց, որ նախագծի փոփոխություն չի լինելու, քանի որ այն կառավարության որոշումն է:

Մեկնաբանել